Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) հերքել է Ուկրաինա ռազմական ներխուժման համար Ռուսաստանի տարածքում ուժերի կենտրոնացման մասին տեղեկությունը։ Ուկրաինայի շուրջ ներկա իրավիճակը նման է 2008 թվականի իրադարձությունների նախօրեին Վրաստանում տիրող իրավիճակին, նշել է ԱՀԾ մամուլի բյուրոն։ ԱՀԾ-ն տեղեկություն ունի նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանային շրջաններում Ուկրաինայի ռազմական ներկայության ուժեղացման մասին, գրում է «Կոմերսանտը»։
«Խիստ մտահոգիչ է ԱՄՆ-ի եւ Եվրամիության սադրիչ քաղաքականությունը, որը միտումնավոր Կիեւում ամրապնդում է ամենաթողության եւ անպատժելիության զգացումը։ Նման իրավիճակ դիտարկում էինք Վրաստանում՝ 2008 թվականի իրադարձությունների նախօրեին։ Այն ժամանակ Միխայիլ Սահակաշվիլին «կապը կտրել էր» եւ փորձում էր ոչնչացնել ռուս խաղաղապահներին ու Հարավային Օսիայի խաղաղ բնակչությանը։ Դա նրա վրա թանկ նստեց»,- ասվում է ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։
«Վերջերս ԱՄՆ-ը «ակտիվորեն վախեցնում է» համաշխարհային հանրությանը՝ իբր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «ագրեսիայի» նախապատրաստումով, ասվում է ԱՀԾ-ի հայտարարության մեջ: «Ըստ ստացվող տվյալների՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը դիվանագիտական ուղիներով իր դաշնակիցներին եւ գործընկերներին բացարձակապես կեղծ տեղեկատվություն է ներկայացնում Ուկրաինա ռազմական ներխուժման նպատակով մեր երկրի տարածքում ուժերի կենտրոնացման մասին»,- հայտնում է ԱՀԾ մամուլի բյուրոն։
«Հաղորդագրություններ են ստացվում ուկրաինական դիրքերի սողացող առաջխաղացման մասին, այսպես կոչված, սահմանի գորշ գոտու երկայնքով, ինչպես նաեւ Ուկրաինայի զինված ուժերի եւ միջոցների կենտրոնացման մասին Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանային տարածքներում»,- ասվում է ԱՀԾ-ի հաղորդագրությունում: Մամուլի բյուրոն նաեւ նշում է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները շարունակում են զենք մատակարարել Ուկրաինային եւ խրախուսում են հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը սադրանքների համար։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն էր հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի «անկանոն տեղաշարժերի» կապակցությամբ։ Միաժամանակ նա խոստովանել էր, որ ԱՄՆ-ին հայտնի չի եղել Ռուսաստանի մտադրությունների մասին։
Մինչ այդ Bloomberg-ը հայտնել էր, որ Մոսկվան կարող է դիտարկել Ուկրաինա «ներխուժման» հնարավորությունը։ Ըստ թերթի՝ ԱՄՆ-ը տեղեկություններ ունի Ռուսաստանի կողմից «հնարավոր ռազմական գործողության» մասին։ Կրեմլն անհիմն է անվանել «Ուկրաինա ներխուժելու» Ռուսաստանի ծրագրերի վերաբերյալ մեղադրանքները։


























