Կիեւի իշխանությունների ռազմատենչ հռետորաբանությունն արտացոլում է Դոնբասի հակամարտությունը թեժ փուլ մտցնելու նրանց ցանկությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, թե Կիեւն առաջին անգամ ամերիկյան Javelin («Ջավելին») հակատանկային հրթիռային համակարգեր է օգտագործել Ուկրաինայի հարավ-արեւելքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես չեմ լսել այս լուրը, ոչ մի հաղորդագրություն չեմ տեսել։ Սկզբունքորեն վերջին շաբաթներին, ամիսներին մենք նկատում ենք ուկրաինական ղեկավարության, հատկապես զինվորականների, գիտակցության նման հոսք, չափազանց բորբոքված եւ շատ վտանգավոր գիտակցության հոսք, քանի որ երբ նման ռազմատենչ հռետորաբանությունը շրջանառվում է, դա, ըստ երեւույթին, արտացոլում է սադրանք իրականացնելու եւ հակամարտությունը թեժ փուլ տեղափոխելու ցանկություն»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Գիտեք, առաջ նման բառ կար՝ «ռազմականություն»: «Գիտեք, առաջ նման բառ կար՝ «ռազմականություն»: Այլ կերպ չեմ կարող անվանել ուկրաինական «ռազմականության» ագրեսիվ ծրագրերը։ Եթե սպառնում են «Ջավելին» օգտագործել, նրանք արդեն «Բայրաքթար» են օգտագործել։ Եվ այնպես չէ, որ ասել են, որ պատահաբար են արել, քանի որ դա կտրականապես արգելված է Մինսկյան պայմանավորվածություններով. հպարտությամբ են հայտնել այդ մասին։ Ճիշտ է, ցուցմունքներում շփոթվել են, սկզբում ասել են՝ այո, եղել է, հետո ասել՝ ոչ, չի եղել, ի վերջո՝ խոստովանել են։ Եվ ոչ միայն խոստովանել են, այլ ասել, որ շարունակելու են հարվածային անօդաչու սարքեր օգտագործել Դոնբասում՝ դրանով եւս մեկ անգամ արհամարհելով Մինսկի համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորությունները», - ասել է նախարարը։ 

Նրա խոսքով՝ ռազմատենչ հռետորաբանության մեկ այլ օրինակ է այն հայտարարությունը, թե Դոնբասում ուկրաինացի զինվորականները զենքի օգտագործման սահմանափակումներ չունեն։ «Այսինքն՝ դա ուղղակիորեն ուղղված է նրան, որ Ուկրաինան հրաժարվի 2020 թվականի հուլիսին ստորագրած պայմանավորվածությունների կատարումից այն մասին, թե ինչպես արձագանքել կրակին եւ ինչպես համակարգել պատասխան կրակի բացումը»,- ամփոփել է Լավրովը։