Ամերիկյան գերձայնային հրթիռային հնարավորություններն «այնքան զարգացած չեն», որքան Չինաստանինը կամ Ռուսաստանինը, ինչը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը հետ է մնում զենքի նորագույն եւ առաջադեմ տեսակի ստեղծման հարցում, ասել է տիեզերական ուժերի գեներալ Դեյվիդ Թոմփսոնը, գրել է The Hill-ը։  

Թոմփսոնը խոստովանել է, որ ԱՄՆ-ի՝ մյուս երկու երկրներից հետ մնալը ազգային անվտանգության համար պոտենցիալ վտանգ է պարունակում։ «Մենք պետք է լրացնենք բացթողումը, չինացիները հիպերձայնային հիանալի ծրագիր ունեն», - ասել է նա: «Սա շատ անհանգստացնող զարգացում է եւ զգալիորեն բարդացնում է ռազմավարական նախազգուշացման հարցը։

ԱՄՆ-ը պնդում է, որ ամռանը Չինաստանը հրթիռ է փորձարկել, որը պտտվել է երկրագնդի շուրջ եւ կարող է միջուկային մարտագլխիկներ կրել։ Արձակումը զարմացրել է ԱՄՆ պաշտոնյաներին։ Նոյեմբերի 18-ին Ռուսաստանը եւս Արկտիկայում հրթիռի փորձնական արձակում է կատարել։

CNN-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերին ԱՄՆ-ը ձախողել է գերձայնային հրթիռների սեփական փորձարկումները։

Հոկտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության (CRS) հուշագրի համաձայն՝ ԱՄՆ-ը հետ է մնում Չինաստանից եւ Ռուսաստանից, քանի որ «ամերիկյան գերձայնային զենքերի մեծ մասը, ի տարբերություն ռուսականի եւ չինականի, նախատեսված չեն միջուկային մարտագլխիկով օգտագործման համար»։ «Արդյունքում ԱՄՆ-ի գերձայնային զենքերը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ ճշգրտություն կպահանջեն եւ տեխնիկապես ավելի դժվար կմշակվեն, քան չինական եւ ռուսական միջուկային համակարգերը», - ասվում է CRS-ի հայտարարության մեջ:

2022 ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ-ը պատրաստվում է գերձայնային հրթիռների վրա 3.8 միլիարդ դոլար ծախսել։

Թոմփսոնն ասել է, որ գերձայնային հրթիռները «փոխում են խաղի կանոնները» ազգային պաշտպանության եւ անվտանգության ոլորտում՝ համեմատելով դրանց օգտագործումը ձնագնդերով պայքարի հետ: «Որպես կանոն, դուք կարող եք կանխատեսել, թե ուր է նետվելու ձնագունդը: Իսկ արկը, եթե նետվում է այլ ուղղությամբ, ավելի դժվար է նկատել, սակայն այն միեւնույնն է՝ խոցելու է ձեզ: Ահա թե ինչ անում է գերձայնային հրթիռը», - ասել է նա: «Դուք այլեւս չունեք մեծ կանխատեսելիություն: Այսպիսով, հրթիռի որոշակի տեսակի յուրաքանչյուր արձակում, անկախ նրանից, թե ուր է այն ուղղված, այժմ սպառնալիքի վերածվելու ներուժ ունի»: