Չեխիան և Սլովակիան կորոնավիրուսի նոր դեպքերի աճի հետ կապված՝ արգելել են չպատվաստված մարդկանց այցելել հյուրանոցներ, փաբեր, վարսավիրանոցներ և մասնակցել բազմաթիվ հանրային միջոցառումների, հայտնել է AP-ն։

Նոր համակարգի ներդրումից մեկ օր էլ չանցած Սլովակիան հասկացրել է, որ կարող է հետևել Ավստրիայի օրինակին և երեքշաբաթյա մեկուսացում սահմանել բոլորի համար: Վարչապետ Էդուարդ Հեգերն հայտարարել է, որ դիտարկում է նման հնարավորություն, և այն շաբաթվա վերջին քննարկվելու է նախարարների կաբինետում։

«Վարչապետը գիտակցում է իրավիճակը կարգավորելու հրատապ անհրաժեշտությունը, որպեսզի կարողանանք ավելի հանգիստ Սուրբ Ծնունդ անցկացնել և հնարավորություն ունենանք մեղմացնել մոտեցող տուրիստական ​​սեզոնի հետ կապված միջոցառումները», - ասվում է Հեգերի գրասենյակի հայտարարության մեջ:

Երկու երկրների տվյալների համաձայն՝ չպատվաստված մարդիկ Չեխիայում կազմում են կորոնավիրուսի գրանցված ծանր դեպքերի գրեթե 70 տոկոսը, իսկ Սլովակիայում՝ մոտ 80 տոկոսը։

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալներով՝ Սլովակիան երրորդ տեղում է ԵՄ-ում ամբողջական պատվաստումների մակարդակով՝ 45.3 տոկոս, մինչդեռ Չեխիայում ամբողջովին պատվաստվել է բնակչության 58 տոկոսը, ինչը նույնպես ցածր է ԵՄ միջին ցուցանիշից (65.5 տոկոս)։