S7 ավիաընկերությունը հաստատել է Շարմ Էլ Շեյխ-Սամարա չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղեւորի մահը, ով ինքնասպանություն է գործել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ավիաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին՝ S7 6619 չվերթի ժամանակ: Ինքնաթիռի` օդ բարձրանալուց հետո ուղեւորներից մեկը գնացել է զուգարան եւ երկար ժամանակ չի վերադարձել, ինչն ահանգստացրել է բորտուղեկցորդուհիներին։ 20 րոպե անց ինքնաթիռի ուղեւորներն ու անձնակազմի անդամները կարողացել են բացել դուռը, որում տղամարդուն գտել են անգիտակից վիճակում։ Ինչպես պատմել են S7-ում, ինքնաթիռում գտնվող բորտուղեկցորդներն ու բժիշկները մինչ ինքնաթիռի վայրէջքը ուղեւորին սրտանոթային վերակենդանացում են անցկացրել:
Կահիրեի օդանավակայանում նրան հանձնել են բժիշկներին, սակայն, չնայած վերակենդանացման գործողություններին, ուղեւորի կյանքը փրկել չի հաջողվել: «Եգիպտոսում ՌԴ հյուպատոսության հետ համաձայնությամբ մահացածը տեղափոխվել է Սամարա՝ հարազատներին փոխանցելու համար։ Չվերթը մեկնել է Կահիրեից տեղական ժամանակով ժամը 23:10-ին եւ վայրէջք է կատարել Սամարայում առավոտյան ժամը 5:09-ին»,- հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից:
Այժմ իրավապահները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։





























