Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծված իրավական հարցերի քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի դատաիրավական համակարգում տեղի ունեցող բոլոր գործընթացները։ Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նորաստեղծ քննիչ հանձնաժողովի անդամ Արամ Վարդեւանյանը։
Բացի այդ, պատգամավորները, նրա խոսքով, կփորձեն պարզել, թե ինչու դեռ չի գործում գործերի պատահական գրանցման համակարգը, ինչու են քաղաքական դրդապատճառներով գործերը փոխանցվում կոնկրետ դատավորների, եւ ինչու է արդարադատության նախարարությունը կարգապահական միջոցներ կիրառում հանրության եւ մասնագիտական համայնքի վստահությունը վայելող դատավորների նկատմամբ։ «Քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր դիմում կուղարկի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին՝ խնդրելով խորհրդարանի կանոնակարգով սահմանված կարգով ներկայանալ Ազգային ժողով՝ հարցերին պատասխանելու համար»,- ասաց Վարդեւանյանը։
Պատգամավորը նշեց նաեւ, որ նախատեսվում է նմանատիպ նամակներ ուղարկել նաեւ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, ինչպես նաեւ մի շարք այլ անձանց, այդ թվում՝ փաստաբանների, ովքեր կցանկանան որոշակի տեղեկատվություն տրամադրել քննիչ հանձնաժողովին դատական համակարգում տիրող իրավիճակի մասին։





























