Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին գտնվող միգրանտները դարձել են Արեւմուտքի գործողությունների պատանդը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Անկախ դրդապատճառներից, որոնք նրանց ստիպել են լքել իրենց հայրենիքը, նրանք (միգրանտները - խմբ.) դարձել են արեւմտյան երկրների ստեղծած իրավիճակի պատանդը»,- ասել է նա։

«Այժմ սահմանին կուտակված միգրանտների թիվը տատանվում է 2,5-3 հազարի սահմաններում։ Եվ նրանց թիվը կարող է աճել»,-հավելել է Պատրուշեւը։

Նրա խոսքով՝ միգրանտների թվում կան կանայք, այդ թվում՝ հղի կանայք, ինչպես նաեւ մինչեւ 750 նախադպրոցական տարիքի երեխաներ։

«Նրանց մասին հոգալու հիմնական բեռը վերցրել է Բելառուսը։ Մարդկանց կերակրում են, ջեռուցում եւ ժամանակավոր կացարաններ տրամադրում, բուժօգնություն ցուցաբերում»,-ասել է Պատրուշեւը։

Միեւնույն ժամանակ, Եվրամիությունը, որը խոստացել էր միգրանտների համար ճամբարներ կառուցել, հրաժարվել է սեփական նախաձեռնությունից, ասել է Պատրուշեւը։

«Բրյուսելը շարունակում է աշխարհին պատմել եվրոպական արժեքների, մարդու իրավունքների, բազմամշակութայնության, բաց դռների քաղաքականության մասին։ Մինչդեռ Լեհաստանի սահմանին միգրանտներին անմարդկային կերպով ջրում են ջրցան մեքենաներով եւ պարսպապատում փշալարերով, գնդակահարում, գլխավերեւում ուղղաթիռներ են օդ բարձրացնում»,-ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։