Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինե Մալախյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը դատարան մուտք է եղել նոյեմբերի 17-ին եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարինե Մալախյանը, հանդիսանալով Երեւան «Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը եւ որպես պաշտոնատար անձ, օժտված լինելով տնօրինչական եւ կառավարչական լիազորություններով, կատարելով ակնհայտ ապօրինի գործողություններ նույն ՊՈԱԿ-ում որպես դասվար աշխատանքի ընդունելու եւ այդ կապակցությամբ հայտարարված մրցույթում Մելինե Հակոբյանին հաղթող ճանաչելու համար, 2019 թվականի օգոստոս ամսին իր աշխատասենյակում իր համար Մելինե Հակոբյանից որպես կաշառք պահանջել է խոշոր չափի, ընդհանուր' 716.000 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՍՆ դոլար: