Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի միջեւ ռազմական ոլորտում համագործակցության զարգացման 2021-2025 թվականների ճանապարհային քարտեզը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Շոյգուն եւ Վեյ Ֆենհեն միաժամանակ հաստատել են փաստաթղթի իրենց պատճենները: Փաստաթուղթը հաստատվել է նախարարների աշխատանքային հանդիպման ժամանակ։
Կողմերը պայմանավորվել են մեծացնել ռազմավարական զորավարժությունների եւ համատեղ պարեկության գծով երկու երկրների զինված ուժերի փոխգործակցությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Բանակի գեներալ Ս. Կ. Շոյգուն եւ գեներալ-գնդապետ Վեյ Ֆենհեն ընդգծել են Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ բարեկամության անխախտությունն ու կապերի ամրությունը։ Վերահաստատել են ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու եւ Ռուսաստանի Դաշնության ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջեւ շփումները ընդլայնելու իրենց պատրաստակամությունը։ Նրանք ՌԴ եւ ՉԺՀ զինված ուժերի կողմից անցկացվող ռազմավարական զորավարժությունների եւ համատեղ պարեկության ակտիվացման փոխադարձ նպատակաուղղվածության հանձնառություն են հայտնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի օրը Շոյգուն եւ Վեյ Ֆենհեն տեսակոնֆերանսի ռեժիմով աշխատանքային հանդիպում են անցկացրել։ «Բանակցությունների հիմնական թեման Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այս տարի տեղի ունեցած համատեղ ծովային ու օդային պարեկության արդյունքների ամփոփումն էր»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։





























