Հնդկաստանի կառավարությունը մասնավոր կրիպտոարժույթների արգելման մասին օրինագիծ կներկայացնի եւ հիմք կստեղծի կենտրոնական բանկի աջակցությունը վայելող ազգային թվային արժույթի համար, հայտարարել է խորհրդարանը, փոխանցել է AFP-ն:
Առաջարկվող օրինագիծն «ուղղված է Հնդկաստանում բոլոր մասնավոր կրիպտոարժույթների արգելմանը»: Վարչապետ Նարենդրա Մոդին անցյալ շաբաթ նախազգուշացրել է, որ բիթքոինը վտանգ է ներկայացնում երիտասարդ սերնդի համար եւ կարող է «կործանել երիտասարդությունը»։
Հնդկական կրիպտոարժույթների շուկան աճել է այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանն անցած ապրիլին չեղյալ է հայտարարել նախորդ արգելքը: Chainalysis-ի հետազոտության համաձայն՝ անցած տարվա ընթացքում աճը կազմել է ավելի քան 600 տոկոս:
Ենթադրվում է, որ Ասիայի երրորդ խոշոր տնտեսությունում 15-100 միլիոն մարդ կրիպտոարժույթներ ունի, որոնց ընդհանուր ակտիվները հասնում են միլիարդավոր դոլարների: Նրանց ներդրումներին այժմ անորոշ ապագա է սպասվում:
Հնդկաստանի կենտրոնական բանկը հունիսին հայտարարել է, որ աշխատում է մինչեւ տարեվերջ սեփական թվային արժույթի ներդրման վրա՝ նախազգուշացնելով, որ «լուրջ մտահոգություններ» ունի մասնավոր կրիպտոարժույթների վերաբերյալ, ինչպիսիք են բիթքոինը, էթերեումը եւ այլն:
Օրինագիծը, որը պետք է ներկայացվի մինչեւ նոր օրենսդրական նիստը, թույլ կտա կրիպտոարժութային տեխնոլոգիաների խթանման համար որոշ բացառություններ մտցնել։




























