Մեծ Բրիտանիան թագավորական բանակի հիմնական ուսումնական բազան Կանադայից կտեղափոխի Օման՝ Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում հնարավոր զինված հակամարտություններին ավելի արագ արձագանքելու համար։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դրանց տվյալներով՝ բրիտանական կառավարությունը նախատեսում է նոր ուսումնական կենտրոն բացել Օմանի արեւելյան Ռաս էդ Դակմ նավահանգստային քաղաքի մոտ, որտեղ զորավարժություններ կիրականացվեն տանկերի եւ այլ տեսակի զրահատեխնիկայի մասնակցությամբ։ Ինչպես նշում է թերթը, Լոնդոնը պատրաստ է գնալ այդ քայլին՝ տարածաշրջանում հնարավոր ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու արագությունը մեծացնելու, աջակցություն հայտնելու այնպիսի դաշնակից երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան եւ Բահրեյնը, յուրատեսակ նախազգուշական ազդանշան ուղարկելու Իրանին եւ այլ թշնամական պետություններին, ինչպես նաեւ ցուցադրելու իր ռազմական մշակումները` պոտենցիալ հաճախորդների կողմից իրենց նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով:

«Եթե դուք ունեք ընդամենը 148 տանկ եւ դրանցից 22-ը գտնվում են Կանադայում, ապա այդ 22 տանկը հնարավոր չէ օպերատիվորեն օգտագործել: Եթե ​​դրանք գտնվում են Լեհաստանում կամ Ռաս ես-Դակմայում, ապա կարող եք ապավինել դրանք՝ դրանք օգտագործելով զսպման նպատակով», - մեջբերում է թերթը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։ Ենթադրվում է, որ թագավորության ռազմական գերատեսչության ղեկավար Բեն Ուոլեսը Օմանում նոր բազա բացելու մտադրության մասին պաշտոնապես կհայտարարի այս շաբաթվա վերջին։

Ընդ որում, պարբերականը պարզաբանել է, որ Կանադայի արեւմտյան Ալբերտա գավառում գտնվող Սաֆֆիլդ ուսումնական բազան չի փակվի մինչեւ 2023 թվականը՝ առաջիկա երկու տարիների համար արդեն պլանավորված խոշոր տանկային վարժանքների հետ կապված։ 1972 թվականից Մեծ Բրիտանիան վարժանքներ է անցկացնում այս բազայում, որը 2.7 քկմ տարածք է զբաղեցնում, ինը յոթ անգամ գերազանցում է անգլիական Սոլսբերի քաղաքի մոտ գտնվող Մեծ Բրիտանիայի ամենամեծ պոլիգոնի տարածքը։ The Daily Telegraph-ն ընդգծում է, որ Սաֆիլդը պարբերաբար վարժանքներ է անցկացնում, որոնցում ներգրավված է ավելի քան 1000 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր եւ ուղղաթիռներ։ Պարբերականի տվյալներով՝ այս բազայում մշտապես գտնվում է մոտ 400 բրիտանացի զինծառայող։