Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանին հատուկ սահմանային գործողություն է սկսվել՝ միգրացիոն ճգնաժամը կանխելու նպատակով։ Այս մասին հայտնել է երկրի պետական ​​սահմանային ծառայության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բելառուսի Հանրապետության հետ սահմանին սկսվել է «Պոլեսիե» համատեղ հատուկ սահմանային գործողությունը։ Այն համակարգվում է Պետական ​​սահմանային ծառայության կողմից եւ իրականացվում է Ազգային գվարդիայի, Ազգային ոստիկանության, Ուկրաինայի զինված ուժերի եւ այլ ներգրավված ռեզերվների հետ համատեղ: Սրանք ուկրաինական սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունը բարձրացնելու հետագա միջոցառումներն են՝ միգրացիոն ճգնաժամը կանխելու եւ անօրինական գործողություններին դիմակայելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի սահմանապահ ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Նիկիֆորենկոյի խոսքով՝ այսօր միգրացիոն ճգնաժամի տարածման սպառնալիքը եւ միգրանտների հոսքը դեպի Ուկրաինա վերաուղղելու հավանականությունը պահպանվում է ուկրաինա-բելառուսական սահմանին։ «Իրավիճակի հնարավոր բարդացմանը հետագայում արձագանքելու համար համագործակցող պետական ​​կառույցների հետ համաձայնեցվել է համատեղ հատուկ սահմանային գործողություն եւ մշակվել համապատասխան ծրագիր։ Եվ երեկ երեկոյան այն պաշտոնապես սկսվել է»,-Նիկիֆորենկոյի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։