Երեւանում, նոյեմբերի 21-ի առավոտյան, աշխատանքից հետո, հանգստի ժամին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանը երեկոյան Սունդուկյան փողոցում նկատել է «ՎԱԶ 21 01» մակնիշի ավտոմեքենա եւ հիշել է, որ առավոտյան ռադիոկապով հաղորդել էին, որ նշված ավտոմեքենան առևանգել են:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրամանատարի տեղակալը ճիշտ կողմորոշվելով, կարողացել է վնասազերծել ավտոմեքենայի վարորդին՝ 51–ամյա Գեղամ Մ.-ին, որին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Արդեն բաժնում ոստիկանները զարմացել են, երբ տեսել են որ ավտոմեքենա առևանգելու մեջ բերման ենթարկվածը ժամեր առաջ է նմանատիպ մեկ այլ ավտոմեքենա առևանգելու համար պարեկների կողմից հայտնաբերվել և «հյուրընկալվել» ոստիկանություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին, ժամը 00:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Արագածոտնի մարզի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ա.-ից, ով հայտնել է, որ 10 րոպե առաջ անհայտ անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գյուղմթերքի շուկայի՝ Րաֆֆու փողոցի 2-րդ մուտքի մոտից հափշտակել է իր ավտոմեքենան:
Կարճ ժամանակ անց ոստիկանները Նաիրի Զարյան փողոցից բերման էին ենթարկել նրան ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ կողոպուտի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:





























