ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կազմակերպել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում հրդեհի հետեւանքով տուժածների օգնությունը եւ ցավակցություն հայտնել զոհված հանքափորների ընտանիքներին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Պեսկովը հայտնել է, որ Կեմերովոյի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլեւը եւ ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը երկրի ղեկավարին արդեն զեկուցել են հանքում տիրող իրավիճակի մասին։

«Իհարկե, օրվա ընթացքում զեկույցներ կստանա։ Նա համաձայնել է, որ Ցիվիլեւն իրեն լրացուցիչ կտեղեկացնի, իսկ Չուպրիյանը տեղում հետախուզություն իրականացնելուց հետո նույնպես կզեկուցի պետության ղեկավարին»,-ասել է Պեսկովը։

Նշենք, որ վերջին տվյալներով «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացել է 10 մարդ, տուժել՝ 54-ը, եւս 36 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։