Մոսկվայի Կոպտեւսկի շրջանային դատարանը Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։

«Դատարանը Ալբերտ Խուդոյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ 800 հազար ռուբլի տուգանքով»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է փաստաբան Սերգեյ Չիժիկովը։

Գործով ներգրավված երկրորդ անձը՝ «Ավիասիթի»-ի նախկին գործադիր տնօրեն Սերգեյ Կոնոպլյովը, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ 200 հազար ռուբլի տուգանքով։

Դատարանի վճիռը բողոքարկվելու է, հավելել է փաստաբանը։

Խուդոյանը եւ Կոնոպլյովը մեղավոր են ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն): Հետաքննության տվյալներով՝ Խուդոյանն ու նրա հանցակիցները Mansfield Executive Limited-ից գողացել են Մոսկվայի Լենինգրադսկի պողոտայում գտնվող երեք հողատարածքների երկարաժամկետ վարձակալության իրավունքը։ Գործով պատճառված վնասի չափը կազմել է 3.7 մլրդ ռուբլի:

Իր հերթին, Մոսկվայի դատախազության ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան ասել է, որ «հանցակիցների խարդախ գործողությունների արդյունքում օտարերկրյա ընկերությունը կորցրել է ոչ բնակելի շենքի սեփականության 50 տոկոսը, երեք հողատարածքների վարձակալության իրավունքը եւ ամբողջությամբ կորցրել է իր մասնաբաժինը առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում, ինչը ավելի քան 4.2 միլիարդ ռուբլու վնաս է հասցրել»:

2018 թվականի գարնանը Խուդոյանի նկատմամբ հետապնդումը ապօրինի կերպով մեղմելու կասկածանքով բերման են ենթարկվել ՆԳՆ Քննչական վարչության (որը քննում է բիզնեսմենի գործը) բարձրաստիճան սպաներ՝  ՍԴ պետի տեղակալներ Ալեքսանդր Բիրյուկովը եւ Ալեքսանդր Կրակովսկին, ինչպես նաեւ հատկապես կարեւոր գործերի քննիչ Ալեքսանդր Բրյանցեւը։ Երեքն էլ այս պահին ազատության մեջ են, սակայն նրանց նկատմամբ մեղադրանքները դեռեւս չեն հանվել։