«Հայացք» շաբաթաթերթը գրում է, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հունիսի 4-ին սկսված «Ֆրանսիայի Մեծ Արեւելք» ֆրանկմասոնական օթյակի համաժողովին ներկա գտնվելու եւ քննարկվող հարցերի բնույթին անձամբ ծանոթանալու իրենց բոլոր փորձերն ապարդյուն են անցել. «Աշոտ Երկաթ» դահլիճի դուռն աչալուրջ հսկում էր մասոնների կողմից կարգված մի երիտասարդ:

«Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց մեր մտերմի միջոցով, որը համաժողովի մասնակից հայ մասոններից մեկի ընկերն է, այդ մասոնից ձեռք բերել մի փաստաթուղթ, որը, թեկուզ շատ մակերեսորեն, պետք է լույս սփռեր համաժողովի ընթացքում քննարկված հարցերի վրա: Դժվար չէ պատկերացնել մեր զարմանքը, երբ փակ ծրարը բացելով, ակնկալվող տեղեկատվության փոխարեն, տեսանք բոլորովին այլ, բայց հայկական օթյակներից մեկին (անունը, համարը եւ այլն) եւ նրա անդամների ինքնությունը բացահայտող հույժ գաղտնի մի փաստաթուղթ: Մի՞թե շփոթմունքի հետեւանք է կատարվածը, թե՞ տեղեկատվության միտումնավոր արտահոսք է թույլ տրվել, եւ եթե վերջինն է, ի՞նչ նպատակով...

Դատելով ամենից` բացահայտված մասոնական օթյակն անգլոսաքսոնական թեւի է, իսկ ըստ «Ֆրանսիայի Մեծ Արեւելք» օթյակի մեծ վարպետ Գի Արսիզեի` իրենց հարաբերություններն այդ օթյակի հետ վատ են, ավելի ճիշտ` իրար հետ հարաբերություններ չունեն, երկու օթյակների անդամները միմյանց նույնիսկ չեն բարեւում:

«Այդ բաժանումը տեղի է ունեցել 1877 թվականին, երբ ֆրանսիացիները որոշեցին, որ կարելի է ֆրանկմասոն լինել` բնավ չլինելով հավատացյալ»,- ասաց Գի Արսիզեն:

Ըստ նրա` անգլոսաքսոնական թեւի մասոններն այսօրվա կյանքի խնդիրներով բացարձակապես չեն զբաղվում, բարձրագույն միջավայրում են, իսկ իրենք ամենօրյա կյանքի եւ այդ կյանքի որակի համար են աշխատում»,- գրում է «Հայացք»-ը` խոստանալով առաջիկա համարներից մեկում, որոշ ուսումնասիրությունից հետո, հրապարակել բացահայտված օթյակի անդամների անուն-ազգանունները, հասցեները, թերեւս նաեւ` հեռախոսահամարները եւ այլ տեղեկություններ: