Հայաստանի կառավարությունը մեկնաբանել է հայտնի Forbes ամսագրում հուլիսի 5-ին հրապարակված Դանիել Ֆիշերի «Ամենավատ տնտեսությունները աշխարհում» հոդվածը:
Ստորեն ներկայացնում ենք հայկական կողմի արձագանքն ամբողջությամբ:
«Նշված հոդվածի վերնագիրը խոստանում է հետաքրքիր ընթերցանություն, այնուամենայնիվ ոչ պարզ եւ անհասկանալի մեթոդաբանությունը, ինչպես նաեւ հաշվարկներում օգտագործված երկրների փոքր ընտրությունը, խիստ սահմանափակում է վարկանշման օգտակարությունը:
Չնայած մեթոդաբանությունը վիճելի է (ինչու միայն 4 ցուցանիշ, ինչու են ընտրված հատկապես այդ ցուցանիշները, ինչու 3 տարվա համար եւ այլն), սակայն մենք փորձել ենք նշված մեթոդաբանությամբ կատարել նույն հետազոտությունը, օգտագործելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների բազան (համատեղելիությունը ապահովելու համար): Միեւնույնն է, արդյունքները ամենեւին մոտ չեն իրար, եւ դա նվազեցնում է վերլուծության արժանահավատությունը:
Առաջինը, հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը տալիս է ինստիտուցիոնալ եւ տնտեսական քաղաքականությունների վերաբերյալ գնահատականներ, որոնք չափվում են CPIA (երկրի քաղաքականություն եւ ինստիտուցիոնալ գնահատական) ինդեքսի միջոցով, համաձայն որի Հայաստանը համարվում է առաջատար երկրներից մեկը (ինդեքսի չափման նվազագույն շեմը 3.75 է) ավելի քան 8 տարի, իր վերջին 4.1 ինդեքսով առավելագույն 6.0-ից, իսկ տնտեսական քաղաքականության ենթաինդեքսը կազմել է 4.7` առավելագույն 6.0-ից: Եթե սա է ՀԲ-ի կողմից Հայաստանին տրված ընթացիկ գնահատականը, ապա այդ դեպքում ինչպես կարող է ամենալավ տնտեսական քաղաքականություններից մեկն ունեցող երկիրն աշխարհում ունենալ ամենավատ տնտեսությունը: Տրամաբանորեն անհնար է ունենալ աշխարհում ամենալավ տնտեսական քաղաքականություններից մեկը, որի արդյունքում երկրում ձեւավորվում է ամենավատ տնտեսությունը:
Ավելին, եթե կատարենք համեմատություն, ապա համաձայն պարոն Ֆիշերի ստացած արդյունքների` Գվինեայի տնտեսությունը Հայաստանի համեմատ ավելի լավն է, մինչդեռ Գվինեայի տնտեսական քաղաքականությանը տրված ՀԲ-ի գնահատականն է 2.7, ինչը գրեթե 2 անգամ փոքր է, քան Հայաստանի ցուցանիշն է: Սա կասկածելի է դարձնում պարոն Ֆիշերի մեթոդաբանության տնտեսագիտական տրամաբանությունը (տվյալների աղբյուրն է` World Bank CPIA):
Նրանց, ովքեր ծանոթ չեն CPIA ցուցանիշներին, տեղեկացնենք, որ ցուցանիշի հստակ եւ հանգամանալից մեթոդաբանությունը հասանելի է ՀԲ-ի ինտերնետային կայքէջում, որին հիմնվելով փորձառու տնտեսագետը կարող է գնահատել երկրի ներկա քաղաքականության եւ ինստիտուցիոնալ շրջանակի որակը: CPIA-ն ունի 4 ենթաինդեքսներ` Տնտեսական կառավարում, Կառուցվածքային քաղաքականություններ, Քաղաքականություններ ուղղված սոցիալական արդարությանը, Պետական հատվածի կառավարում եւ ինստիտուտներ: Գործնականում նշված 4 քաղաքական չափորոշիչներով ավելի լավ կատարողական ունեցող երկրները կունենան լավ տնտեսական միջավայր:
Երկրորդ, դժվար է գտնել որեւէ տնտեսագիտական տրամաբանություն` օգտագործված մեթոդաբանության վերաբերյալ. ինչու է գնաճի համար վերցվել միայն մեկ տարվա փաստացի ցուցանիշ եւ 2 տարվա գնահատական (2011-2012), իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, ընթացիկ հաշվի եւ ՀՆԱ-ի աճի համար` վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները (քանի որ հոդվածի գնահատականները մեկնաբանելու համար թափանցիկ մեթոդաբանությունը անհասանելի է): Նշված տվյալները, տարբեր ժամանակահատվածների դիտարկման պատճառով, անհամադրելի են, ինչն աղավաղում է իրական պատկերը:
Երրորդ, մեր մասնագետների կողմից ընդհանուր ինդեքսը հաշվարկելու համար կատարվել են նույն հաշվարկները` օգտագործելով նույն աղբյուրի` ԱՄՀ WEO-ի տվյալների բազան 184 երկրների համար (ցուցակից հանվել են այն երկրները, որոնք 2008-2012 թթ համար չունեն ամբողջական տվյալներ բոլոր 4 ցուցանիշների վերաբերյալ` թողնելով 176 երկիր) եւ հոդվածում նկարագրված նույն մեթոդաբանությունը, այսինքն` ՀՆԱ-ի աճի եւ գնաճի երեք տարվա միջին վիճակագրությունը (ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները), ավելացրած մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի եւ ընթացիկ հաշվի հաշվեկշռի վերջին 3 տարիների միջին ցուցանիշները:
Արդյունքում ստացվել է բացարձակ այլ պատկեր: Օրինակ, գնաճի (ժամանակահատվածի վերջին տվյալներով) եւ ՀՆԱ-ի աճի համար հաշվարկվել են 3 տարվա միջին ցուցանիշները` 2008-2010թթ. ժամանակահատվածի համար, ապա երկրների ցուցանիշները խմբավորվել են ըստ բարելավման կարգի` վատագույնից դեպի առաջատարը (ամենացածր մեկ շնչի հաշվով ՀՆԱ եւ բարձր ընթացիկ հաշվի պակասուրդ) եւ Հայաստանը երբեւիցե չի հայտնվել առաջին տասնյակում (Հավելված 1): Ավելին, ընթացիկ հաշվի փաստացի միջին ցուցանիշը առաջին 10 (վատագույն) երկրների համար -33.7 է (Լիբերիան առաջատարն է -46.6 ցուցանիշով), մինչդեռ Հայաստանի փաստացի 3 տարվա միջինը -13.9 է` շատ հեռու 10 երկրների միջինից: Նմանապես, առաջին 10 երկրների մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջինը 313.3 դոլար է (Բուրունդին առաջատարն է` 163.6 դոլար ցուցանիշով), մինչդեռ Հայաստանի ցուցանիշը 3022.1 է` նորից շատ հեռու առաջին 10 երկրների միջինից:
Վերցնենք մյուս երկու ցուցանիշները, որոնք օգտագործվել են պարոն Ֆիշերի կողմից` ՀՆԱ-ի աճը (2008-2010 թվականների համար) եւ գնաճի 3 տարվա միջին ցուցանիշը (2010-2012 թվականներ համար) եւ կատարենք նույն վարժությունը: Նորից ստացվել է նույն պատկերը` Հայաստանը չի հայտնվել առաջին 10 վատ տնտեսություն ունեցող երկրների շարքում (երկրները դասակարգվել են ըստ ավելի բարձրից ցածր գնաճի եւ ավելի ցածրից բարձր ՀՆԱ-ի աճի): Վատագույն 10 երկրների գնաճի միջին ցուցանիշը 15.6 է (Վենեսուելան առաջատարն է 29.9% ցուցանիշով), իսկ Հայաստանինը` 6.8%: Վատագույն 10 երկրների համար ՀՆԱ-ի աճի միջին ցուցանիշը -3.6% է (Լատվիան առաջատարն է 7.5%-ով), իսկ Հայաստանի ցուցանիշը` -1.5` հաշվի առնելով նաեւ 2009 թ-ի խորն անկումը` -14.2%:
Ավելին, հրապարակված բոլոր ցուցանիշների ուղղությամբ հաշվարկվել են նաեւ այլ տարբերակներ` ստուգելու համար այն վարկածը, թե արդյոք Հայաստանը կարող է ինչ-որ կերպ հայտնվել վատ երկրների շարքում, դրանք են` երեք տարվա փաստացի միջին ցուցանիշներ (հիմնված 2008-2010թթ. փաստացի վիճակագրական տվյալների վրա), երեք տարվա միջին ցուցանիշներ (2010-2012թթ.` ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները) եւ հինգ տարվա միջին ցուցանիշներ (2008-2012` ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները): Ստացված արդյունքները ներկայացված են հավելվածներով:
Փաստորեն, եթե բոլոր 4 ցուցանիշներով Հայաստանը վատագույն 10 երկրների ցանկից դուրս է, այդ դեպքում ինչպես է նշված 4 ցուցանիշներով հիմնված նրա հաշվարկային ընդհանուր ցուցանիշը Հայաստանը դասում վատագույն երկրորդ տեղում: Այս պարզ վարժությունը ցույց է տալիս, որ պարոն Ֆիշերի բացահայտումները կասկածանքի տեղիք են տալիս»:




























