Սորբոնի համալսարանում աշխատող գիտնականների թիմը տեղեկացնում է, որ  կրեատիվությունը կարելի է բարձրացնել քնելուց անմիջապես հետո արթնանալով։ Այսպիսի տեխնիկայի դիմում էին նկարիչ Սալվադոր Դալին եւ գյուտարար Թոմաս Էդիսոնը։ Նրանք քնելուց առաջ մտորում էին ստեղծագործական խնդիրների շուրջ՝ ձեռքում ծանր իր բռնած։ Քնելիս մկանները թուլանում էին, եւ առարկան աղմուկով ընկնում էր նրանց ձեռքից, ինչն արթնացնում էր նրանց։ Ե՛վ Դալին, ե՛ւ Էդիսոնը պնդել են, որ հենց այդ պահին են իրենք ոգեշնչվել։ Այս մասին գրում է «Вокруг света» պորտալը՝ հղում կատարելով MedicalXPrese-ին։

Գիտնականները որոշել են ստուգել այս մեթոդը եւ փորձին մասնակցելու են հրավիրել կամավորականների։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ բացի արագ քնից եւ խոր քնից՝ մարդկանց մեծ մասն ունենում է քնի տեսակ, որը հայտնի է որպես N1՝ կարճ միջակայք լիակատար առույգության եւ լիակատար քնի միջեւ, յուրատեսակ մթնշաղային գոտի։ Հենց այդ միջակայնքն էլ հետազոտողները մտադիր էին ստուգել։

Հետազոտությանը մասնակցել է 103 առողջ կամավորական, որոնցից յուրաքանչյուրին խնդրել են լուծել մաթեմատիկական խնդիր՝ ակնարկելով, թե ինչ սկզբունքներ պետք է օգտագործել ճիշտ պատասխանն ստանալու համար։ Սակայն կար նաեւ խնդրի լուծման ավելի հեշտ եղանակ, որի մասին կամավորականներին չեն ասել։

Կամավորականները պետք է քնեին՝ օգտագործելով Դալիի եւ Էդիսոնի մեթոդը։ Քնելու եւ դրան հաջորդող արթնանալու ժամանակ գնահատվում էր ուղեղի ակտիվությունը։ Հետազոտողները հայտնաբերել են, որ  այն մարդիկ, ովքեր մտնում էին N1 փուլ եւ դուրս էին գալիս դրանից, ավելի մեծ հավանականությամբ էին գտնում խնդրի լուծման «գաղտնի միջոցը»։