Կաթոլիկ եկեղեցին մեծածավալ հետաքննություն կիրականացնի՝ կապված հոգեւորականների եւ կրոնական հաստատությունների որոշ աշխարհիկ անձանց կողմից Իսպանիայում անչափահասների հանդեպ հնարավոր անպարկեշտ վարքագծի հետ։ Այս մասին կիրակի տեղեկացրել է El Pais թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պարբերականը երեք տարի զբաղվել է այդ բողոքների հետաքննությամբ։ Ստացված տեղեկությունները դեկտեմբերի 2-ին փոխանցվել են Հռոմի պապին, երբ նա հանդիպում էր լրագրողների հետ Հունաստան կատարած այցի ժամանակ։ Քահանայապետի օգնականը վերցրել է փաստաթղթերը, որոնք այնուհետեւ փոխանցվել են Հավատի դոկտրինի միաբանությանը, որը կենտրոնացնում է մանկապղծության դեպքերի հետաքննությունն ամբողջ աշխարհում։

El Pais-ը նաեւ փոխանցել է իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունները Իսպանիայի եպիսկոպոսական կոնֆերանսի նախագահ, կարդինալ Խուան Խոսե Օմելյային, որը փաստաթղթերն ուղարկել է Բարսելոնի եկեղեցական գործերով դատարան։ Ինչպես տեղեկացնում է թերթը, իր հետաքննությունը վերաբերում է կաթոլիկ եկեղեցու 251 սպասավորի եւ կրոնական հաստատությունների աշխարհիկ անձանց։

Նշվում է, որ եթե այս դեպքերն ավելացվեն նրանց, որոնք արդեն հայտնի են եւ որոնք հաշվել է պարբերականը, ապա կստացվի առնվազն 602 գործ եւ ենթադրվող ավելի քան 1,2 հազար տուժած 1930-ական թթ. ի վեր։