Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը սատանայական դաժանություն է։ Նրա խոսքով՝ այս գլոբալ խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում։ Համապատասխան հայտարարությունն արել է Վատիկանի ղեկավարը իտալական TG5 հեռուստաալիքի եթերում։
Ընտանեկան բռնության զոհերի հետ հանդիպման ժամանակ պոնտիֆիկոսը խստորեն դատապարտել է բոլոր տղամարդկանց, ովքեր իրենց թույլ են տալիս ֆիզիկական եւ հոգեբանական բռնության ենթարկել իրենց ընտանիքի անդամներին։ Նա դա համեմատել է սատանայական դաժանության դրսեւորման հետ, որը տեղ չունի ժամանակակից հասարակության մեջ։
«Շատ, շատ մեծ է կանանց թիվը, ովքեր ընտանեկան բռնության են ենթարկվում։ Այս խնդիրն ինձ համար գրեթե սատանայական է»,-ասել է Հռոմի պապը։
Ավելի վաղ նա մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել էր ընտանեկան բռնության անթույլատրելիության մասին։





























