Եվրոպայում էլեկտրաէներգիայի համար վճարները երկրաչափական աճ են գրանցում, հաղորդում է Fox News-ը:

Ռուսական «Հյուսիսային հոսք-2» ոչ ակտիվ գազատարը եւ ավելի ցուրտ եղանակը մտահոգություններ են առաջացրել Եվրոպայում։ 

Ֆրանսիան եւ Շվեյցարիան ֆիքսել են գները մոտ 400 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար։ Այս մասին Twitter-ում գրել է Bloomberg-ի էներգետիկայի գլխավոր թղթակից Խավիեր Բլասը։

Գնաճին նպաստել են մի շարք գործոններ, այդ թվում՝ ջերմաստիճանի կտրուկ անկումը եւ Ֆրանսիայում միջուկային էներգիայի որոշ անջատումներ, որոնք մեծացրել են կախվածությունը բնական գազի էներգիայից:

Միտումը սկսվել է ամառվանից, երբ Ֆրանսիայում եւ Գերմանիայում գները կազմել են մոտ 160 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց, գրում է The Economist-ը։ Այդ ժամանակ գներն աճել են 48%-ով եւ 36%-ով։

Նոյեմբերին Գերմանիան կասեցրել է «Հյուսիսային հոսք-2» նախագիծը՝ հղում անելով դրա շահագործման հետ կապված մտահոգություններին, հաղորդում է The Guardian-ը:

Գերմանիան կրկնապատկել է իր կախվածությունը գազատարից նախքան դրա կասեցումը, ինչը նրան եւ եվրոպական այլ երկրների դժվար դրության մեջ է դրել ձմեռային սեզոնի մեկնարկից առաջ:

Իսկ Ֆրանսիան անվտանգության նկատառումներով փակել է երկրի չորս խոշորագույն միջուկային ռեակտորները: Անջատումը, որը սկսվել է կիրակի կեսօրից հետո, կշարունակվի մինչեւ հունվարի 23-ը: Երկուշաբթի օրվանից Ֆրանսիան ամբողջությամբ կդադարեցնի 56 ռեակտորներից 14-ի աշխատանքը։