Տիեզերական թռիչքը հստակ ցույց տվեց, որ «մենք պետք է ավելի լավ հոգ տանենք Երկրի մասին»: Այս մասին ասել է ճապոնացի մագնատ Յուսակու Մաեձավան, ով 12-օրյա թռիչք է կատարել դեպի Միջազգային տիեզերակայան, հայտնում է AP-ն։

Նրա խոսքով՝ ճանապարհորդությունը շատ կարճ էր, եւ ինքը կցանկանար եւս մեկ շաբաթ մնալ։

Նորաձեւության մագնատ Մաեձավան, նրա պրոդյուսեր Յոզո Հիրանոն եւ ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը դեկտեմբերի 8-ին ռուսական «Սոյուզ» տիեզերանավով թռել են կայան եւ դեկտեմբերի 20-ին վերադարձել են Երկիր:

«Հարմարվելու համար պահանջվում է երեք կամ չորս օր, եւ այդ ժամանակ հասկանում ես, որ մնացել է ընդամենը ութ օր, ու դա բավարար չէ»,- ասել է Մաեձավան: «20-օրյա առաքելությունը իդեալական կլիներ, իսկ 30 օրն ինձ համար չափազանց շատ կլիներ»,- հավելել է նա:

Պատասխանելով իր տպավորությունների մասին հարցին՝ Մաեձավան ասել է, որ տիեզերական թռիչքը ստիպել է իրեն հասկանալ, որ «մենք պետք է ավելի լավ հոգ տանենք Երկրի մասին»: «Եթե ուժ եւ ազդեցություն ունեցող մարդիկ ուղեծիր թռչելու հնարավորություն ունենային, նրանք այլ կերպ կնայեին Երկրին, եւ նրանք այլ վերաբերմունք կունենային»,- ասել է նա:

Մաեձավան իր կարողությունը վաստակել է նորաձեւ հագուստի մանրածախ առեւտրով` բացելով Ճապոնիայի նորաձեւ հագուստի ամենամեծ առցանց-կենտրոնը՝ Zozotown-ը: Forbes ամսագիրը նրա կարողությունը 1,9 միլիարդ դոլար է գնահատել։

Մագնատը մտադիր է նաեւ Իլոն Մասկի աստղաթիռով Լուսնի շուրջը թռիչք կատարել, եւ այդ ճանապարհորդության ժամանակ նրան կմիանան մրցույթի ութ հաղթողները: Նա ասել է, որ մտադիր է այս առաքելությունը 2023 թվականին կատարել։