Շատ նորմալ գործելաոճ է՝ այս իշխանությունները հատկապես կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո ամեն ինչ անում են իրենց համար ոչ ցանկալի տեղեկությունները փակելու համար։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով նախորդ տարվա դեկտեմբերին Սյունիքի ուղղությամբ ՀՀ զորքերի հետ քաշման հանգամանքների վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների՝ պետական գերատեսչություններին ուղղած հարցումներին ի պատասխան տրված հակասական տեղեկություններին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել էին, որ հայկական զորքերի հետ քաշման հրաման տալու եւ դրա հանգամանքի վերաբերյալ իրենց՝ տարբեր գերատեսչություններ հասցեագրած հարցումներին խուսափողական եւ միմյանց հակասող պատասխաններ են տրվել։ Եթե Մանուկյանի՝ ՀՀ Պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին ուղղված հարցմանն ի պատասխան նախարարը հայտնել էր, որ այդ հարցը ՊՆ-ի իրավասության տիրույթում չէ, ապա ԳՇ պետ Արտակ Դավթյանն իրեն ուղղվա նույնաբովանդակ հարցմանը պատասխանել էր, որ զորքերի հետ քաշումը տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ Պաշտպանության նախարարների՝ 2020թ․ դեկտեմբերին։ Պատգամավոր Մանուկյանը նշել էր, որ այդ փաստաթուղթը չի կարող ամբողջությամբ հրապարակել՝ ելնելով սահմանված գաղտնիության ռեժիմից։ Ավելի ուշ նույնաբովանդակ մեկ այլ հարցմանն ի պատասխան Պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր պատգամավորին, որ առկա է ՀՀ եւ ՌԴ ՊՆ-ների միջեւ ստորագրված փաստաթուղթ, բայց այն, ելնելով գաղտնիության ռեժիմից, չի կարող հրապարակվել։

«Սա այս իշխանության գործելաոճն է։ Կառավարության նիստերում բազմաթիվ հարցեր գաղտնի են քննարկվում, հետո է իմացվում՝ ինչ է լինում, ժամանակին նախարարների աշխատավարձերը կրկնակի բարձրացվեց։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ցանկացած տեղեկություն՝ լինի փաստաթուղթ կամ այլ տեսքով, ջրի երես դուրս չգա, որպեսզի չվնասի գործող գլխավոր իշխանավորին։ Երկրորդ՝ ամեն ինչ արվում է, որ ցանկացած գործողություն տարանջատվի գլխավոր իշխանավորից եւ այլ օղակի վրա ուղղվի, Ձեր հարցի դեպքում՝ ՊՆ, եւ հետո ամեն ինչ խառնել, որ հստակ չլինի՝ ում պետք է դիմել ինչ-որ տեղեկություն ստանալու համար»,- նշեց Բադալյանը։

Վարչապետը այս տարվա հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերին Սյունիքի ուղղությամբ ՀՀ զորքերը մի քանի կիլոմետր հետ քաշելու հրամանն ինքն է հենց տվել, կապ չունի՝ գրավոր, թե բանավոր, եւ որ նման որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար, որի պարագայում, Փաշինյանի պնդմամբ, Սյունիքում «խնդիրներ էինք ունենալու»։

«Իսկ վարչապետի ո՞ր մի ասածն է իրականությանը համապատասխանում՝ վարչապետին որ պահին ինչ պետք է լինում, դա էլ հայտարարում է՝ 2018թ-ից ի վեր, եւ անկախ նրանից՝ դա համապատասխանու՞մ է իրականությանը, թե ոչ։ Նա շատ լավ գիտի, որ ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների միջեւ նման համաձայնագիր կա, բայց ներկայացնում է, որ իր հրամանն է եղել, եթե 5 րոպե հետո պետք լինի, կասի՝ իր հրամանով չի եղել։ 2018թ․ ասում էր՝ ջուրը 4 չի թանկանալու, իսկ հաջորդ տարի սակագինը բարձրացավ, այսինքն, հիմք ընդունել վարչապետի՝ 10-20 օր առաջ ասածը, եւ ասել, թե ինչու է հիմա լրիվ հակառակը, այլեւս ակտուալ չէ՝ դա իր մեթոդոլոգիան է՝ ինչ տվյալ պահին իրեն պետք է լինում, ասում է, հարյուրավոր նման դեպքեր կարող ենք գտնել»,- նկատեց Բադալյանը։

Հարցին՝ արդյո՞ք ամիսներ առաջ այս փաստաթղթի առկայության մասին հրապարակային հայտարարելը կարող էր էական խնդիրներ ստեղծել իշխանության համար այն պարագայում, երբ վերջին մեկ տարում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների դեպքում հանրային բողոքի մեծ ալիք չի առաջացել, քաղտեխնոլոգը նկատում է՝ ոչ թե հավաքական իշխանության վարկանիշի հետ դա կապ ունի, այլ կոնկրետ մեկ մարդու՝ վարչապետի։

«Նա, Բադալյանի համոզմամբ, մտածում է իր վարկանիշի ու անվտանգության մասին, իշխանության մեջ եղած մնացած անձանց վարկանիշը նրան չի հետաքրքրում։ Բացի այդ, նա կարող է ամիսներ առաջ ենթադրած լինել, որ այդ փաստաթղթի մասին տեղեկատվության հրապարակումը կարող է վնասել իր վարկանիշին, դրա համար էլ կարգադրի գաղտնի պահել։ Նա շատ դեպքերում հարցերի լուծմանն իռացիոնալ է մոտենում, եւ շատ դեպքերում էլ այսպիսի գործելաոճ է որդեգրու՝ առաջնորդվելով ցանկացած վատ տեղեկություն չհաղորդելու եւ միայն լավը հայտնելու սկզբունքով։ Իմ համոզմամբ՝ եթե այդ փաստաթղթի մասին հանրայնացվեր ընտրություններից առաջ, դա, գուցե, 1% նվազեցներ իր վարկանիշը, ինչը կարող էր խնդիր առաջացնել, քանի որ նա 54% ձայն ստանալու խնդիր ուներ։ Ընտրություններից հետո այս հանգամանքը, գուցե, արդեն այդքան էլ նշանակություն չունենա։ Եվ մեկ հանգամանք էլ կա՝ այդ փաստաթուղթը, որի մասին նշում են ընդդիմադիր պատգամավորները, ՀՀ եւ ՌԴ պաշտպանական գերատեսչությունների միջեւ է կնքվել, բայց վարչապետն ուզում է ցույց տալ, որ ոչ՝ այդ ինքն էլ որոշել, ինքն է հենց որոշողը՝ զորքերը որտեղից՝ ուր գնան, սա հոգեբանական պահ է արդեն»,- եզրափակեց Բադալյանը։