Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Kaziranga ազգային պարկը վերմակներ է տրամադրել կենդանիների ձագերին՝ պաշտպանելու նրանց անսովոր ցուրտ ձմեռից: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ազգային պարկի վերականգնողական եւ վայրի բնության պահպանման կենտրոնի ղեկավարությանը։
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ռնգեղջյուրների եւ փղերի ձագերին՝ ապահովելով նրանց տաք հագուստով»,- հեռուստաալիքին ասել է Կենտրոնի անասնաբույժ Սամսուլ Ալին։ Նա ցույց է տվել, թե ինչպես են արգելոցի աշխատակիցները ամուր պարանների օգնությամբ տաք ծածկոցներն ամրացնում փղերի վրա։
Բացի այդ, ազգային պարկում ապրող երիտասարդ փղերը, ռնգեղջյուրները եւ այլ կենդանիներ, որոնք գտնվում են արգելոցի աշխատակիցների հսկողության տակ, վիտամիններով հարուստ սնունդ են ստանում ցուրտ ձմռանն առողջության պահպանման համար։ Ազգային պարկը ներկայումս խնամում է ինը փղերի, մի քանի ռնգեղջյուրի, մեկ վագրի ձագի եւ այլ կենդանիների:
Կազիրանգան ազգային պարկ է հյուսիսարեւելյան Ասսամ նահանգում, որտեղ ավելի քան 30 տեսակի կաթնասուններ են ապրում, այդ թվում` անհետացման վտանգի տակ գտնվողներ: Դրանց թվում կան փղեր, վագրեր եւ միաեղջյուր ռնգեղջյուրներ, որոնք ժամանակին գտնվել են ժամանակակից Պակիստանից մինչեւ Մյանմա ձգվող անտառներում, սակայն դրանց ոչնչացումը հանգեցրել է նրան, որ այս կենդանին (ինչպես համարվում է, սկիզբ է դրել Հնդկաստանում ապրող միաեղջյուրների մասին լեգենդներին) պահպանվել է ընդամենը մի քանի վայրում, իսկ հիմնական պոպուլյացիան այս ազգային պարկում է։
Կազիրանգայում ջերմաստիճանն այժմ իջնում է մինչեւ 10 աստիճան գիշերը, ինչն անսովոր ցուրտ է արեւադարձային կենդանիների համար:





























