2014թ. Շոտլանդիայի հարավում հայտնաբերված գանձի մի մասն է կազմում լեռնային բյուրեղից պատրաստված սափորը, որը գտնվել էր մետաղորսիչով։ Սափորը փաթաթված էր գործվածքե պարկում։ Մակագրությունը հայտնաբերելու համար պահանջվել է եռաչափ ռենտգենյան սքանավորում։ Այս մասին գրում է «Вокруг света» ճանաչողական պորտալը՝ հղում կատարելով BBC-ին։
Սափորի տակ հետազոտողները հայտնաբերել են լատինատառ մակագրություն. «Հիգուալդ եպիսկոպոսն է պատրաստել ինձ»։ Հետազոտողները կարծում են, որ սափորը պատրաստվել է IX դարակեսին, բայց խորհրդավոր եպիսկոպոսի անձի մասին ավելին իմանալը բավական դժվար է։
«Այդ ժամանակվա աղբյուրները եւ գրությունները կիսատ են, բայց մենք դրանցից իսկապես գիտենք միայն այն, որ Նորթումբրիայում, վաղ միջնադարում եղել են մի քանի հոգեւորականներ Հիգուալդ անունով։ Մենք չգիտենք կոնկրետ եպիսկոպոս Հիգուալդին, բայց նորթումբրիացի եպիսկոպոսների մեր ցուցակները կիսատ են 810 թվականից»,- ասել է Սենթ Էնդրյուի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակից Ալեքս Վուլֆը (Alex Woolf)։
Մասնագետի խոսքով՝ նա կարող էր լինել IX դարակեսի Ուիթհորնի կամ Հեքհեմի եպիսկոպոս, որի մասին տեղեկություններ չեն պահպանվել։





























