Աֆղանստանում իշխանության եկած արմատական «Թալիբան» շարժումը ԱՄՆ-ին կոչ է անում չմիջամտել Աֆղանստանի ներքին գործերին եւ հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիմադրության։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է թալիբների ժամանակավոր կառավարության արտաքին գործերի փոխնախարար Շեր Մոհամմադ Աբբաս Ստանեկզայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կցանկանայի զգուշացնել Միացյալ Նահանգներին, որպեսզի նա չմիջամտեր Աֆղանստանի ներքին գործերին»,- ասել է Ստանեկզայը, որին մեջբերում է աֆղանական 1TV հեռուստաալիքը: «Ոչ ոք չպետք է մտածի, որ աֆղանցիները հոգնել են պատերազմից եւ ի վիճակի չեն իրենց պաշտպանել»,- նշել է ԱԳ փոխնախարարը՝ հավելելով, որ «անհրաժեշտության դեպքում աֆղանցիները եւս 40 տարի կկարողանան դիմակայություն ցուցաբերել [ագրեսորին]»։

Ստանեկզայի կարծիքով՝ վերջին չորս ամիսներին՝ Քաբուլում թալիբների իշխանության գալուց հետո, «Աֆղանստանը վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ սկսել է իր անկախ որոշումները կայացնել»։