Իրար դեմ հիպոթետիկ օդային ճակատամարտում Ուկրաինան եւ Ռուսաստանը կարող են նույն ինքնաթիռների շատ մոդելներ օգտագործել, բայց բոլորովին տարբեր քանակությամբ: Երկու երկրների ռազմական ավիացիայի համեմատությունն անցկացրել է The Drive ամերիկյան հրատարակությունը, գրում է «LentaRu»-ն։
Հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը (ՌՕՈՒ) ունեն մոտ 1500 մարտական ինքնաթիռներ, մինչդեռ Ուկրաինայում դրանց թիվը մոտ 200 է, որոնց մեծ մասն արտադրվել է ԽՍՀՄ-ի տարիներին։ Հրատարակությունը նշում է, որ Ուկրաինայի կողմից իրականացվող ռազմական տեխնիկայի արդիականացումը հակասական արդյունքների է հանգեցրել։
«Ուկրաինայի ռազմական ավիացիան դժվար թե կարելի է համեմատել ռուսական ռազմական մեկ շրջանի հետ, էլ չասած՝ [Ռուսաստանի] ՕՏՈՒ-ի հետ՝ որպես ամբողջություն»,- ասվում է հրապարակման մեջ։
The Drive-ը հավաստիացնում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իբր ծրագրած հարձակումը կարող է ուղեկցվել մարտավարական հրթիռային համակարգերի եւ հրետանու ակտիվ կիրառմամբ, որոնց հիմնական թիրախները կլինեն, մասնավորապես, մարտական ինքնաթիռներով օդանավակայանները։ Այս դեպքում հրատարակությունը Կիեւին առաջարկում է սեփական կործանիչները տեղակայել երկրի արեւմտյան մասում իսկ Մոսկվայի հարձակումը արեւելյան ուղղությամբ փորձել զսպել Կիեւում մնացած խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգերով։
«Վերջին հաշվով Ուկրաինան համեմատաբար փոքր ռազմական ուժեր եւ շատ քիչ իրական միջոցներ ունի՝ սահմանի մոտ ռուսական ավիացիոն թիրախներին պատասխան հարված հասցնելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Ուկրաինայի ռազմավարություններից մեկը կարող է լինել «պատերազմից բզկտված արեւելյան հատվածի օդային ինքնիշխանությունից հրաժարվելը եւ իր արեւմտյան հատվածի ամրապնդումը, հատկապես Կիեւի շրջակայքում՝ նախապատրաստվելով հնարավոր երկար ու ծանր հակամարտության»:




























