Բրիտանական տաբլոիդները հրապարակել են տեսանյութ, որը ենթադրաբար կապված է 19-ամյա մի երիտասարդի ձերբակալության հետ, ով շաբաթ օրը փորձել է արբալետով ներխուժել Վինձորի ամրոցի տարածք, որտեղ Եղիսաբեթ II թագուհին նշում էր Սուրբ ծնունդը։ Տեսանյութում դիմակով եւ արբալետով տղամարդը սպառնում է սպանել թագուհուն։ Տեսանյութը կցվել է գործին եւ ուսումնասիրվում է Սքոթլանդ Յարդի կողմից:

Տեսանյութը հրապարակել է Sun թերթը։ Ոստիկանությունը հաստատել է, որ այն կցվել է ձերբակալությունից հետո բացված գործին, հայտնում է BBC-ն։

Տեսանյութում դիմակով ու հուդիով տղամարդն ասում է, որ ուզում է սպանել թագուհուն, որպեսզի վրեժ լուծի «Ջալիանվալ Բաղի 1919 թվականի ջարդերի համար»: Խոսքը 1919 թվականի ապրիլի 13-ին Բրիտանական կայսրության գաղութային զորքերի կողմից Ամրիտսարում (Հյուսիսային Հնդկաստանի Փենջաբ նահանգ) խաղաղ բնակիչների ցույցի գնդակահարության մասին է։

Ոստիկանությունը չի հաստատել, որ բերման ենթարկվածը եւ տեսագրությունը նկարահանողը նույն մարդն է։ Բուքինհեմյան պալատում նույնպես չեն մեկնաբանել տեսանյութը։

Անցյալ շաբաթ օրը, Լոնդոնի ժամանակով առավոտյան ժամը 8:30-ին, ոստիկանությունը Վինձորի ամրոցի տարածքում, որտեղ Եղիսաբեթ II թագուհին դիմավորում էր Սուրբ ծնունդը, կալանավորել էր 19-ամյա մի երիտասարդի, որի մոտ արբալետ էր եղել։

Ըստ Sunday Mirror-ի՝ հարձակվողին ձերբակալել են անմիջապես այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները նրան նկատել են տեսախցիկների մոնիտորների վրա: Նա չի հասցրել մտնել պալատի շենք։ «Այդ մարդը բերման է ձերբակալվել եւ հոգեկան առողջության վիճակի գնահատման է ենթարկվել։ Դրանից հետո նրան հարկադրաբար տեղափոխել են հիվանդանոց»,- հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։