Ճապոնիայի կառավարությունը երեքշաբթի ծրագիր է ընդունել, որն ուղղված է մարդկային միայնության խնդիրների մեղմմանը եւ նման հարցերով 24-ժամյա խորհրդատվությունների համակարգի ստեղծմանը։ Նախատեսվում է ձեւավորել տարբեր հարթակներ, որտեղ միայնակ մարդիկ կարող են աստիճանաբար ներգրավվել շփման մեջ եւ աշխատանքի տեղավորվել, հաղորդել է ազգային հանրային հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրա տվյալներով` Ճապոնիայի կառավարությունը մտադիր է համազգային մարդահամար անցկացնել, որը կոչված է պարզել միայնակ քաղաքացիների ճշգրիտ թիվը՝ նրանց օգնելու համար: Կառավարության ղեկավարի աշխատասենյակում այս խնդրի համար ձեւավորվել է առանձին քարտուղարություն։ Փետրվարին միայնակ բնակիչների հարցերով նախարարի պաշտոն էր հաստատվել, որն այժմ համատեղության կարգով զբաղեցնում է ցածր ծնելիության խնդիրների նախարար Սեյկո Նոդան:
Միայնության հետ սերտորեն կապված է ինքնասպանության խնդիրը, որը 2020 թվականին Ճապոնիայում 11 տարվա մեջ առաջին անգամ ավելացել է: Անցած տարի երկրում ինքնասպանություն է գործել ավելի քան 21 հազար մարդ, ինչը 912-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ 2019 թվականին երկրում գրանցվել է ինքնասպանությունների ամենափոքր թիվը 1978 թվականից ի վեր։ Դրանց թիվը կրճատվում էր տաս տարի անընդմեջ, սակայն կորոնավիրուսի բռնկումն ընդհատեց այդ դրական միտումը։





























