Կտրուկ գնաճին, վարկանիշների անկմանը եւ միջազգային գործընկերների թերահավատությանը բախվելով՝ Թուրքիայի նախագահը նոր արտասովոր մեղավոր է մատնանշել՝ շներին, որոնք դարձել են վեճերի աղբյուր եւ քաղաքական խնդիր բեւեռացված երկրում, գրում է Independent-ը։
Իր տոնական խոսքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքային իշխանություններին կոչ է արել ամբողջ Թուրքիայում որսալ թափառական շներին, որոնց հաճախ թույլ են տալիս ազատ շրջել հրապարակներում եւ փողոցներում, եւ պահանջել է, որպեսզի այսպես կոչված «սպիտակ թուրքերը» (երկրի եվրոպական կողմնորոշում ունեցող աշխարհիկ էլիտան) ավելի լավ հետեւել իրենց կենդանիներին։ «Սպիտակ թուրքեր, պատասխանատվություն ստանձնեք ձեր կենդանիների համար,- ասել է նա,- այդ շները հարուստների շներն են»։
Ելույթը հնչել է այն բանից հետո, երբ երկու պիտբուլ հարձակվել էր քառամյա աղջկա վրա Գազիանթեփ քաղաքում դեկտեմբերի 22-ի միջադեպի ժամանակ։ Այդ երկու շները անօթեւան չէին, չնայած որոշ հաղորդագրություններում հավաստիացվում էր, որ տերերը վռնդել են դրանց։ Ի տարբերություն Էգեյան ծովի տարածաշրջանի կամ մեծ քաղաքների, Գազիանթեփը հայտնի է որպես Էրդողանի պահպանողական կողմնակիցների, այլ ոչ թե «սպիտակ թուրքերի» հենարան։
«Ես կարեւոր ծառայություն եմ համարում անտուն կենդանիներին փողոցներից որսալը եւ դրանց տեղափոխումը մաքուր եւ անվտանգ միջավայր»,- գրել է Էրդողանն իր թվիթում։ «Ես կոչ եմ անում մեր բոլոր տեղական իշխանություններին արագ միջոցներ ձեռնարկել մեր քաղաքացիների անվտանգության ապահովման եւ կյանքի պաշտպանության համար»։
Թուրքերը սոցիալական ցանցերում սկսեցին պաշտպանել զրպարտված փողոցային շներին՝ դատապարտելով կենդանիների ապաստարաններին։ «Թափառող կենդանիները» ամենատարածված հեշթեգն էին սոցցանցերի թուրքական հատվածում վերջին մի քանի օրերին։ «Նրանք չեն կարող խոսել։ Նրանք չեն գողանում։ Նրանք պարզապես ուտելիք եւ քնքշանք են ցանկանում»,- գրել է Թվիթերի օգտատերերից մեկը։ «Սա այն չէ, ինչին նրանք արժանի են»։
Թափառող շների հետ կապված վեճերը արմատներով կապվում են երկրում առկա քաղաքական տարաձայնությունների հետ։
Էրդողանի կողմնակիցների բարեպաշտ մուսուլմանական հենարանը հակված է կենդանիների մասին մտածելու որպես «անմաքուր» արարածների, ինչը համապատասխանում է իսլամական որոշ ուսմունքներին, որոնք գործնականում Ղուրանում հիմք չունեն։ Նախագահի աշխարհիկ ընդդիմախոսները, որպես կանոն, սիրում են կենդանիներին։
Նրա գլխավոր մրցակիցը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, հոկտեմբերին ԶԼՄ-ների աստղ էր դարձրել Բոջի անունով շանը, որը թափառում էր տրամվայներում, լաստանավերում եւ մետրոյում, եւ նրան պաշտում էին ուղեւորներն ու անցորդները։ Նոյեմբերին սոցցանցերի՝ Էրդողանին սատարող ակտիվիստների աքաունթները սկսեցին հրապարակել շների ենթադրվող կղանքի լուսանկարներ՝ դրանում մեղադրելով Բոջիին։ Բայց արդյունքում ի հայտ եկան կադրեր տեսահսկման խցիկներից, որոնցում երեւում է, թե ինչպես է տղամարդը նետում կղանքը, հավանաբար, Իմամօղլուին վարկաբեկելու քաղաքական հնարքի շրջանակում։
Թուրքիան քաղաքականապես բաժանված է Էրդողանի կողմնակիցների եւ հակառակորդների։ Հանրային կարծիքի վերջին հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի առաջնորդը, նրա Արդարություն եւ զարգացում կուսակցությունը եւ կոալիցիայի գծով նրա ուլտրաաջ գործընկերը, հավանաբար, կպարտվեն Իմամօղլուին կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասին ու ընդդիմադիր կուսակցությունների հավանական դաշինքին 2023թ. նախատեսված ընտրություններում։ Թուրքիան նաեւ վերջին երկու տասնամյակի ընթացքում բախվել է լրջագույն տնտեսական ճգնաժամի, երբ ազգային արժույթի փոխարժեքը ընկել է ռեկորդային ցածր մակարդակի, իսկ գնաճը գերազանցել է 25 տոկոսը՝ սպառելով թուրքերի խնայողությունները։ Ոմանք նախագահին մեղադրում են շներին օգտագործելու մեջ, որպեսզի շեղվեն իրենց մյուս խնդիրներից։
Համենայնդեպս, բոլոր քաղաքական եւ մշակութային հայացքների տեր թուրքերը, ըստ երեւույթին, պաշտում են անտուն շներին ու կատուներին։ Նրանք կառուցում են փողոցային «բնակարաններ» անտուն կատուների համար եւ կերակրում են թափառող շներին, որոնց ականջներին հաճախ կան պիտակներ կամավորական անասնաբույժների կողմից պատվաստման մասին։
Անգամ կառավարամետ թուրքական լրատվական գործակալություններն են կանոնավորապես հրապարակում հուզիչ պատմություններ այն մասին, թե ինչպես են սովորական քաղաքացիներն օգնում կենդանիներին։
Բայց այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարեց, որ շուն ունենալը մշակութային ինքնության նշան է, եւ երբ բացահայտ ընդունեց «շների դեմ» պլատֆորմը, կառավարամետ ԶԼՄ-ները հետեւեցին նրա օրինակին՝ կոչ անելով ազատվել անտուն շներից։ Նախագահը վայելում է աստվածավախ թուրքերի աջակցությունը, որոնք դժգոհ են երկրի աշխարհիկ հին գվարդիայի ենթադրվող մշակութային կարգավիճակից եւ տնտեսական արտոնություններից։
Կենդանասերները զայրացել են այն բանից հետո, երբ երկուշաբթի շրջակա միջավայրի նախարարությունը հրամայել էր 81 համայնքների որսալ թափառող շներին եւ նրանց տեղավորել ապաստարաններում, ինչը, շատերի կարծիքով, մահվան դատավճիռ է։ «Ընդհանուր առմամբ, ապաստարանները Թուրքիայում վնասվածքների եւ մահվան ճամբարներ են կենդանիների համար»,- ասել է կենդանիների իրավունքների պաշտպան Մայնե Վուրալը Ստամբուլից։





























