Շաբաթվա սկզբին Բրազիլիայի մաքսային ծառայությունը երկրի ամենամեծ նավահանգստում՝ «Սանտոս»-ում, որը Սան Պաուլո նահանգում է, մոտ 2 տոննա կոկաին է հայտնաբերել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Globo-ին։
Նարնջի հյութով տարայի մեջ թաքցված ավելի քան 700 կգ թմրանյութը նախատեսված է եղել Իսպանիա առաքման համար, եւ ավելի քան կես տոննա կոկաին է հայտնաբերվել Աֆրիկա ուղարկվող շաքարի տարայում։ Դրանից մեկ օր առաջ սուրճի խմբաքանակում հայտնաբերվել էր եւս 560 կգ թմրանյութ։
Նշվում է, որ մաքսանենգ ապրանքը հնարավոր է եղել հայտնաբերել բեռնարկղերի ռենտգեն սքաներների միջոցով, որոնց տվյալները հետագայում հաստատել են ծառայողական շները։ «Յուրաքանչյուր բեռ ունի իր բնութագրերը [մաքսանենգության] ռիսկերի առումով, եւ այս սարքավորումն օգնում է մեզ ընտրություն կատարել»,- բացատրել է նավահանգստի մաքսատան ղեկավար Ռիչարդ Ֆերնանդո Ամոեդու Նոյբարտը:
Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ վերջին վեց տարիների ընթացքում մաքսատունը կանխել է միայն «Սանտոս» նավահանգստով արտասահման 107 տոննա թմրանյութի առաքումը, որից ավելի քան 16 տոննան առգրավվել է 2021 թվականին։

























