Տնտեսական ոլորտում Հայաստանի իշխանությունները միայն ձախողումներ են արձանագրել։ Երեք տարվա ընթացքում տվյալ միտումները միայն խորացել են։ Այս երեւույթներին գումարվել է ինֆլյացիան, որի պայմաններում բնակչության սոցիալապես անապահով խավերը ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նա իշխանություններին կոչ արեց առանց լուրջ հետազոտություններ անելու չվկայակոչել համաշխարհային միտումներն ու չարդարանալ դրանով։

«Հասկանալի է, որ մենք կտրված չենք համաշխարհային տնտեսությունից, բայց եթե քո երկրում կառավարումը ցածր մակարդակի վրա է, ապա պետք չէ անընդհատ մատնանշել ինչ-որ գլոբալ գործընթացներ եւ փորձել փրկել դեմքը մարդկանց առջեւ, որոնք դրանից այնքան էլ լավ չեն հասկանում»,- նշեց փորձագետը:

Բոստանջյանն ընդգծեց, որ այս տարի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեին կառավարման ժամանակակից տնտեսական մոդելի ներդրման, նոր ուղղությունների զարգացման ուղղությամբ, թույլ չտային «ուղեղների արտահոսքեր», համապատասխան առաջարկներ մշակեին եւ գրագետ ներդրումային քաղաքականություն վարեին։ Վերջին դեպքում առանց նախապատրաստական աշխատանքների կատարման եւ պետության կողմից խրախուսման ո՛չ արտաքին, ո՛չ ներքին ներդրողները շահագրգռված չեն լինի որեւէ գործունեություն ծավալել։

«Բայց եթե դու խորամանկ ուղիներով փորձում ես մասնաբաժին ստանալ, ապա դա հարվածում է ներդրողների տրամադրությանը: Դրան նպաստում է նաեւ կապիտալ ծախսերի թերակատարումը։ Անկյունաքարը կառավարման ոլորտի ճգնաժամն է, համակարգվածության բացակայությունն ու պատահականությանն ապավինելը։ Դիտարկվում է միայն մի միտում՝ իշխանության ներկայացուցիչների սեփական ցանկությունների բավարարումը պետական բյուջեի հաշվին»,- հավելեց նա։

Նրա գնահատմամբ, համեմատաբար արդյունավետ է գործում Կենտրոնական բանկը, որին հաջողվում է որոշ չափով զսպել բացասական միտումները։

«Սակայն չպետք է կարծել, թե ԿԲ-ն հեքիաթային կերպով կկարողանա չեզոքացնել ինֆլյացիոն ճնշումների բացասական հետեւանքները։ Դրա համար, ինչպես նաեւ ֆինանսական կայունություն ապահովելու համար, գերիշխող դերը վերապահված է ողջ պետական համակարգի գրագետ տնտեսական քաղաքականությանը, ինչը Հայաստանում բացակայում է։ Իսկ ստեղծված պայմաններում Կենտրոնական բանկն անում է առավելագույնը։

Կենտրոնական բանկի համապատասխան քայլերի արդյունքում դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը կտրուկ տատանումներից հետո կրկին կայունացել է»,- եզրափակեց փորձագետը։