Մեծ Բրիտանիայի կառավարությունը խնդրել է կառավարության պաշտոնյաներին վերանայել արտակարգ իրավիճակներում իրենց գործողությունների ծրագիրը վատագույն սցենարի ՝ անձնակազմի 25 տոկոսի բացակայության դեպքում՝ փորձելով նվազագույնի հասցնել կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման հետ կապված աշխատանքի խափանումները, հայտնել է Reuters-ը:
Քանի որ վարակի օրական դեպքերի թիվը հասել է բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին, եւ նրանք, ովքեր դրական են թեստավորվել, պետք է ինքնամեկուսանան առնվազն յոթ օր, կառավարությունն ակնկալում է, որ բիզնեսներն ու պետական ծառայությունները առաջիկա շաբաթներին կբախվեն աշխատանքի խափանումների խնդրի հետ, ասվում է հայտարարության մեջ:
«Առայժմ օմիկրոն շտամի պատճառով առաջացած խափանումները հիմնականում վերահսկվում են, սակայն պետական հատվածի ղեկավարներին առաջարկվել է ստուգել ծրագրերը՝ հաշվի առնելով վատագույն սցենարների հավանականությունը՝ աշխատուժի 10 տոկոս, 20 տոկոս եւ 25 տոկոս բացակայության դեպքում», - ասվում է հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարներին խնդրել է սերտորեն համագործակցել համապատասխան ոլորտների հետ՝ արտակարգ իրավիճակի կայուն ծրագրեր մշակելու համար, հայտնել է կառավարության գրասենյակը:
Օմիկրոն շտամի ազդեցությունը մատակարարման շղթաներում, պետական ծառայություններում եւ դպրոցներում աշխատատեղերի վրա վերահսկվում է, ասվում է զեկույցում: Դիտարկվող մեղմացման միջոցառումները ներառում են կամավորներին, օրինակ՝ թոշակառու ուսուցիչներին, աշխատանքի վերադարձնելու խնդրանքը:
«Աշխատանքներ են տարվում՝ բացահայտելու պոտենցիալ նորմատիվ-իրավական հիմքերը, քաղաքական կամ գործառնական փոփոխությունները, որոնք կարող են նվազագույնի հասցնել կամ մեղմել հնարավոր խափանումները», - ասվում է կառավարության հայտարարության մեջ:
Ուրբաթ Մեծ Բրիտանիայում COVID-19-ի նոր դեպքերի օրական թիվը հասել է 189.846-ի, ինչը ռեկորդային թիվ է:
Այնուամենայնիվ, հոսպիտալացումների եւ մահերի թիվը մնացել է շատ ավելի ցածր մակարդակի վրա, քան կորոնավիրուսի նախորդ ալիքների ժամանակ։





























