Ամերիկյան Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը ստորագրել է օրենք, որով հրահանգվում է պետական դպրոցներին ուսումնական ծրագրերում ընդգրկել ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ անձանց ձեռքբերումների պատմության կուրսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով France-Presse գործակալությունը:
Կալիֆորնիան առաջին նահանգն է, որտեղ նման օրենք է ընդունվում:
«Պատմությունը պետք է արդար լինի: Այս տեքստը լրացնում է առկա օրենքները, որոնք արգելում են խտրականությունը կրթության ոլորտում, թույլ են տալիս լրացնել մեր պատմության գրքերն ամենատարբեր ամերիկացիների կարեւոր ներդրումների մասին տեղեկություններով… Սա կարեւոր առաջընթաց քայլ է մեր նահանգի համար»,- ասված է Բրաունի հայտարարության մեջ:
Կալիֆորնիայում արդեն գործում են կանոններ, որոնք հրահանգում են դպրոցներին ուսուցանել կանանց, նաեւ նախկինում խտրականության ենթարկված ռասայական եւ էթնիկ խմբերի ձեռքբերումները:
Նոր օրինագծի կողմնակիցները պնդում են, որ դա պարզապես առկա նորմերում հավելում է հիշատակումներ նույնասեռականների, երկսեռականների եւ տրանսսեքսուալների մասին, որպես հասարակության` խտրականության ենթարկված խավերի:
Նույնասեռականների եւ տարասեռականների դաշինքի ղեկավար Քերոլին Լաուբը կարծում է, որ անարդար կլիներ պատմությունից դուրս թողնել մի ամբողջ խումբ մարդկանց:
Օրինագծին դեմ քվեարկած հանրապետական Դոնալդ Վագները կարծում է, որ նույնասեռականների ձեռքբերումների ուսուցանումը ոչ թե փաստերի ուսուցում, այլ քարոզ է պարունակելու: Ի դեպ, օրինագծին դեմ են քվեարկել օրենսդիր մարմնի բոլոր հանրապետականները:
Կալիֆորնիայի կրթության վարչության տվյալներով, ֆինանսական ճգնաժամի պատճառով նոր դասագրքերը դպրոցներում կհայտնվեն 2015-ից ոչ շուտ:




























