Լեհաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը՝ կառավարող «Իրավունք եւ արդարություն» պահպանողական կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին, խոստովանել է, որ երկիրը հզոր լրտեսական ծրագրային ապահովում է գնել իսրայելական NSO Group-ից, տեղեկացնում է Associated Press-ը։

Ընդ որում՝ նա ժխտում է, որ լրտեսական ԾԱ-ն օգտագործվել է իր քաղաքական ընդդիմախոսներին հետեւելու համար։

Նա տեղեկացրել է, որ Pegasus ծրագրային ապահովումը ներկայում օգտագործվում է շատ երկրների գաղտնի ծառայությունների կողմից հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի համար։

Քաղաքական գործիչը նշել է, որ Pegasus-ը իսկական տեխնոլոգիական առաջընթաց է մոնիթորինգի ավելի վաղ շրջանի համակարգերի համեմատ, որոնք թույլ չէին տալիս ծառայություններին հետեւել գաղտնիացված հաղորդագրություններին։

«Վատ կլիներ, եթե լեհական ծառայությունները նման գործիք չունենային»,- ասել է Կաչինսկին «Sieci» շաբաթաթերթի հարցազրույցում, որից ուրբաթ հատվածներ է հրապարակել wPolityce.pl լրատվական պորտալը։