Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի լինելու։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է հեղափոխություն անցած երկիրը գնացել ցույցերի ճնշման ՀԱՊԿ մեխանիզմների օգնությամբ։
Նա ավելացրել է, որ այդ դրույթը ամրագրված է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։ Հենց այդ մոտեցման տրամաբանությանը համապատասխան Գրիգորյանը բացատրեց հայ զինվորականներին Ղազախստան ուղարկելը՝ կրկնելով, որ երկրում այդ ընթացքում նաեւ ահաբեկչական ակտեր են գրանցվել։ «Ժողովրդավարությունը Հայաստանում մնում է ներքին օրակարգ, որի օգնությամբ 2021թ. հաջողվեց կարգավորել ներքաղաքական ճգնաժամը, կայունացնել իրավիճակը երկրում եւ առաջ ընթանալ»,- նշեց պաշտոնյան, որը մինչեւ «թավշյա հեղափոխությունը» աշխատում էր Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունում։





























