ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը քննարկել են Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Sabah-ը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերը, անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումը։ Զրուցակիցները քննարկել են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնեցված համատեղ ռազմավարական մեխանիզմի մանրամասները։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ուկրաինական ճգնաժամի, Ղազախստանում բողոքի ցույցերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Աֆղանստանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Եթովպիայի իրադարձությունների շուրջ։

«Գնահատական է տրվել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ մշտական խաղաղության հաստատման, տարածաշրջանի կայունության եւ բարգավաճման գործում ներդրմանը։ Ընդգծվել է նաեւ, որ Թուրքիան վճռական է շարունակելու իր դերը Բալկաններում, Կովկասում, Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Աֆրիկայում խաղաղության եւ կայունության ապահովման գործում»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվել է, որ «ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի երկխոսության եւ համագործակցության միջոցով, եւ որ Թուրքիան պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան», միաժամանակ ընդգծելով, որ Թուրքիան «նշանակություն» է տալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը։

Ընդգծվել է, որ Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կայունացումը կարեւոր է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար։ Հիշատակվել են այս հարցում Թյուրքական պետությունների կազմակերպության ջանքերը։