Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել 2020թ․ մայիսին Դաունինգ սթրիթի այգում «բեր քո խմիչքը» երեկույթին մասնակցելու համար, հայտնում է CNBC-ն։
Աղմկահարույց բացահայտումը մեծ հասարակական արձագանք է առաջացրել եւ եւս մեկ անգամ սասանել է Ջոնսոնի դիրքերը:
Դիմելով Համայնքների պալատում օրենսդիրներին՝ Ջոնսոնն ասել է, որ կցանկանար ներողություն խնդրել իր գործողությունների համար եւ ասել է, թե գիտի, որ կան մարդիկ, ովքեր զայրացած են իր եւ իր կառավարության վրա: «Եղել են բաներ, որոնք մենք պարզապես ճիշտ չենք հասկացել, եւ ես պետք է պատասխանատվությունն ինձ վրա վերցնեմ»,- ասել է Ջոնսոնը:
Վարչապետը խոստովանել է, որ 2020թ․ մայիսի 20-ին մասնակցել է Դաունինգ սթրիթի այգու երեկույթին՝ ասելով, որ այն ժամանակ «կարծել է, թե դա աշխատավորական միջոցառում է»։ Նա հավելել է, որ հետին ամսաթվով ինքը բոլորին հետ կուղարկեր։
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քեյր Սթարմերը Ջոնսոնին «բազմամսյա խաբեության» մեջ է մեղադրել եւ վարչապետին կոչ է արել «արժանապատվություն ցուցաբերել ու հեռանալ պաշտոնից»։
Սթարմերը Ջոնսոնի այն հայտարարությունը, թե ինքը չի գիտակցել, որ միջոցառումը երեկույթ է, բնութագրել է որպես «վիրավորական բրիտանական հանրության համար»:
Ի պատասխան հրաժարական տալու կոչերին՝ Ջոնսոնն ասել է, թե ինքը կսպասի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա Սյու Գրեյի ներքին հետաքննության արդյունքներին:





























