Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը կոչ է արել Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին՝ իջնել լեռներից եւ միանալ իրենց ընտանիքներին, գրում է թուրքական Zaman թերթը:
Գյուլը հանդես է եկել TRT-ի եթերում՝ քրդական հարցի վերաբերյալ ասելով. «Հուսով եմ, որ այդ հարցն իր լուծումը կստանա առանց արյունահեղության: Նրանք կարող են անմիջապես միանալ իրենց ընտանիքներին: Հուսով եմ՝ նրանց օրինակին կհետեւեն բոլորը, քանի որ որեւէ երկիր չի կարող հանդուժել ահաբեկչությունը: Այդ հարցի լուծման վրա աշխատել են կառավարության բազմաթիվ կառույցներ, եւ այդ անտեսանելի աշխատանքը շատ կարեւոր է»:
Նշենք, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 220 հոդվածը, որը հայտնի է որպես «ակտիվ զղջման մասին օրենք», ներողամտություն է ցուցաբերում բոլոր այն քուրդ զինյալների նկատմամբ, ովքեր չեն մասնակցել իրավապահների հետ մարտերին կամ Թուրքիայի դեմ այլ ռազմական գործողությունների:
Բացի այդ, Գյուլը նաեւ առաջարկել է ընդդիմությանը մասնակից դարձնել երկրի ազգային անվտանգության խորհրդի քննարկումներին՝ ընդգծելով ընդդիմության կարծիքի կարեւորությունը:




























