ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ բանակցություններից լուրջ բեկումներ չէր սպասում, սակայն Վաշինգտոնում, ի տարբերություն Կրեմլի, տեղի ունեցած հանդիպումները «անհաջող» չեն համարում եւ պատրաստ են շարունակել երկխոսությունը, եթե Մոսկվան պատրաստ է դրան: Այս մասին National Public Radio-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մեկնաբանության խնդրանքին, ով բանակցություններն «անհաջող» էր անվանել, Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները «բեկումներ չէին ակնկալում» հանդիպումներում, որոնք, ըստ նրա, «առայժմ» չի կարելի իրական բանակցություններ կոչել:
«Մենք ռուսների հետ կիսեցվինք մեր խորը մտահոգությամբ այն գործողությունների վերաբերյալ, որոնք նրանք ձեռնարկում են ոչ միայն Ուկրաինայի հետ կապված, այլ նաեւ՝ ավելի լայն իմաստով։ Մենք կիսվեցինք միմյանց հետ։ Մենք իրար, կարծում եմ, մտածելու տեղիք տվեցինք։ Այժմ մենք ծրագրում ենք... մանրամասն խորհրդակցել մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ երկխոսության շարունակությունը հնարավոր է միայն Ուկրաինայի շուրջ իրավիճակի «դեէսկալացման» դեպքում։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Մոսկվային երկու տարբերակ է տվել՝ «դիվանագիտության եւ երկխոսության ճանապարհ», որը Բլինքենը անվանել է «լավագույն» եւ «ամենապատասխանատու» ճանապարհը՝ տարաձայնությունները լուծելու եւ իրավիճակն Արեւելյան Ուկրաինայում լուծելու համար, կամ «առճակատման եւ ագրեսիայի» ճանապարհը, որին Արեւմուտքը «լիովին պատրաստ է»։
«Եթե նրանք գնան այս ճանապարհով, դա լուրջ հետեւանքներ կունենա… Ես չեմ հստակեցնի, թե ինչ ենք անելու [ի պատասխան], միայն կասեմ, որ եթե խոսքը պատժամիջոցների, տնտեսական եւ ֆինանսական միջոցների, ինչպես նաեւ Ուկրաինան պաշտպանության առումով ուժեղացնելու անհրաժեշտության, ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելու մասին է, ապա մենք նախատեսում ենք եւ պատրաստվում ենք անել մի բան, ինչը նախկինում չենք արել»,- ասել է Բլինքենը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի կողմից հնարավոր «ագրեսիային» արձագանքը «շատ ավելին» կլինի, քան այն, ինչ եղավ 2014 թվականին:
Պետքարտուղարը հրաժարվել է գնահատել Ուկրաինա ռուսական ներխուժման հավանականությունը՝ ասելով, որ «նախագահ Պուտինը հիանալի տիրապետում է վերջնական պատասխան չտալու արվեստին» մրցակիցների հետ բանակցություններում։ «Ես կասկածում եմ, որ նա հիմա մասամբ դա է անում՝ փորձելով հասկանալ, թե ինչը կարող է աշխատել, ինչը՝ ոչ, եւ շատ հնարավոր է, որ նա դեռ ամբողջությամբ չի որոշել, թե ինչ է անելու։ Կարծում եմ, որ մեզ վրա կարեւոր պատասխանատվություն կա՝ օգնել [Պուտինին] ձեւավորել իր կարծիքը»,- ասել է Բլինքենը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք երկրների շատ ուժեղ կոալիցիա ենք հավաքել Եվրոպայում եւ նույնիսկ դրանից դուրս՝ G7-ի միջոցով՝ նախագահ Պուտինի հաշվարկների եւ նրա կատարած ընտրությունների վրա ազդելու, դրանց արձագանքելու համար»,- ասել է Բլինքենը:
Պետքարտուղարն ընդգծել է, որ շատ հարցեր, որոնց շուրջ Արեւմուտքը կարող է բանակցել Մոսկվայի հետ, օրինակ՝ սպառազինությունների վերահսկման լրացուցիչ միջոցները, «դժվար հարցեր են, որոնք հնարավոր չէ անել մեկ ժամում, մեկ օրում, մեկ շաբաթում, եւ ռուսները գիտեն այդ մասին»:
«Եթե նրանք հիմա որոշեն դուրս գալ [բանակցային գործընթացից], կարծում եմ, դա ցույց կտա, որ նրանք, հավանաբար, երբեք լրջորեն չեն դիտարկել երկխոսության կամ դիվանագիտության ճանապարհը։ Որոշ դեպքերում նրանք մաքսիմալիստական եւ անհնարին պահանջներ են ներկայացրել,- ասել է Բլինքենը։- Բայց նրանք նաեւ այլ հարցեր են քննարկման դրել, որոնք կարող էին հիմք հանդիսանալ կառուցողական զրույցի եւ դիվանագիտության համար… Հիմա մենք կտեսնենք՝ նրանք իսկապես լուրջ են վերաբերվում դիվանագիտությանը եւ երկխոսությանը, թե՞ այդ ամենը պարզապես հնարք էր, եւ նրանց մտադրություններն այլ են: Բայց, ինչպես ասացի, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»։





























