Գերմանական «Կվադրիգա» մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել են այս տարի մրցանակ չշնորհել 4  նոմինանտներին, որոնց թվում է նաեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը, Պուտինի մրցանակի հետ կանչման պատճառը ԶԼՄ-ների եւ կազմկոմիտեի մի շարք անդամների քննադատությունն է: Ավելին, Պուտինին մրցանակի արժանացնելուց հետո կազմկոմիտեն լքել է ժյուրիի միանգամից երեք անդամ:

Ռուսաստանն արդեն արձագանքնել է գերմանացիների որոշմանը: Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է Ռուսաստանի վարչապետի մամլո քարտուղարը, այդ քայլը բացատրվում է այն «բարդակով», որը տիրում է ժյուրիում: Նա նաեւ ավելացրել է, որ միջադեպը չի կարող անդրադառնալ ռուս-գերմանական հարաբերությունների վրա:

«Կվադրիգա» մրցանակն ամեն տարի հանձնվում է հոկտեմբերի 3-ին` Գերմանիայի միավորման օրը:  Դափնեկիրները «Գերմանիայի համար ընդօրինակելի» մարդիկ եւ կազմակերպություններ են:

Վլադիմիր Պուտինին մրցանակի արժանացրել էին  «գերմանա-ռուսական հարաբերություններում կայունության եւ հուսալիության ապահովման գործում ունեցած ներդրման համար»: