Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում ԼՂՀ ՊԲ «ԳԱԶ 33081» /Սադկո/ մակնիշի ավտոմեքենան, որում եղել է նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդին, հուլիսի 14-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 120 մետր գլորվել ճանապարհամերձ ձորը:
Վթարի հետեւանքով մեքենայի անձնակազմը` թվով 15 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը հայտնում է, որ այդ 15-ից առավել ծանր մարմնական վնասվածքներ են ստացել 3 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են Երեւան` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նրանց թվում է նաեւ մեքենայի ավագ, կապիտան Արթուր Սեյրանի Օհանյանը:
Նա մի քանի կոտրվածք է ստացել, սակայն թե իր, թե մյուս երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Արթուր Օհանյանը ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի գումարտակի շտաբի պետն է:




























