Թաֆթսի համալսարանի եւ Հարվարդի համալսարանի ամերիկացի գիտնականները մարդկությանը մոտեցրել են այն պահին, երբ ոչ միայն սուպերհերոսների կորցրած վերջույթներն են վերականգնվում։ Վերջերս կատարած հետազոտության ընթացքում նրանք կարողացել են հաջողությամբ վերականգնել գորտի ոտքը: Այս մասին գրում է MedicalXPress-ը։
Սովորական կյանքում չափահաս գորտերը չեն կարողանում նորից աճեցնել վերջույթները՝ ի տարբերություն, օրինակ, սալամանդրների, ծովաստղերի, խեցգետինների եւ մողեսների։ Սակայն գիտնականներին հաջողվել է շտկել այս թերությունը՝ վերքի վրա կիրառելով հինգ դեղամիջոցներից բաղկացած կոկտեյլ, որը խթանել է նյարդային մանրաթելերի, արյունատար անոթների եւ մկանների աճը, ինչպես նաեւ նվազեցրել բորբոքման վտանգը։
Վերականգնման գործընթացը տեւել է մի քանի ամիս։ Այս ամբողջ ընթացքում գորտի ոտքին հատուկ սիլիկոնե կափարիչ է եղել հագցված՝ լցված բուժիչ խառնուրդով։ Վերջույթի ճիշտ ձեւավորման «հուշումները» տվել է բիոռեակտորը։
Արդյունքում հնարավոր է եղել վերստեղծել գրեթե լիովին ֆունկցիոնալ ոտքը՝ ոսկրային կառուցվածքով եւ մի քանի «մատներով»։ Վերաճած վերջույթը շարժվել եւ արձագանքել է գրգռիչներին: Փորձարկվող կենդանին պատրաստակամորեն օգտագործել է այն լողալու համար՝ սովորական գորտի պես շարժվելով ջրում:





























