Միանգամից երկու գիտական խմբեր Current Biology ամսագրում մեկը մյուսից անկախ ուսումնասիրություններ են հրապարակել, որոնք հաստատում են, որ օդում կարելի է ԴՆԹ հայտնաբերել: Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով Science Daily-ին։
Լոնդոնի Թագուհի Մարիայի համալսարանի (Մեծ Բրիտանիա) եւ Կոպենհագենի համալսարանի (Դանիա) մասնագետները օդի նմուշներ են վերցրել տեղի կենդանաբանական այգիներից եւ հավաքել են բավականաչափ քանակի ԴՆԹ-ներ՝ մոտակա կենդանիներին նույնականացնելու համար: Սա կարող է կենսաբազմազանությանը հետեւելու արժեքավոր ոչ ինվազիվ գործիք լինել:
Նմուշներ են հավաքվել կենդանաբանական այգու տարբեր վայրերից, այդ թվում՝ փակ կացարաններից, ինչպիսիք են արեւադարձային տունը եւ փակ ախոռները, ինչպես նաեւ բացօթյա կազարաններից: Հավաքումն իրականացվել է օդափոխիչի օգնությամբ, որի վրա ամրացված է եղել ֆիլտր, ինչպես նաեւ՝ վակուումային պոմպ։
«Շրջակա միջավայրից ողնաշարավորների ԴՆԹ-ի հավաքումը թույլ է տալիս մեզ հայտնաբերել նույնիսկ այն կենդանիներին, որոնց մենք չենք տեսնում»,- ասել է Քրիստին Բոհմանը՝ Կոպենհագենի համալսարանից:
Բրիտանական թիմը հայտնաբերել է 25 կաթնասունների եւ թռչունների գենետիկական նյութ։ Նրանց դանիացի գործընկերները նույնականացրել են ողնաշարավորների, ներառյալ կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների եւ ձկների 49 տեսակ: Հատկանշական է, որ հայտնաբերված տեսակների թվում եղել են ոչ միայն կենդանաբանական այգում բնակվող, այլեւ վայրի կենդանիներ, օրինակ՝ սկյուռիկներ, ոզնիներ եւ առնետներ։
Գիտնականների խոսքով՝ օդով փոխանցվող ԴՆԹ-ին հետեւելը շատ դժվար է: Բնական ջրերում գենետիկ նյութը «որսալը» շատ ավելի հեշտ է։ Օդում ԴՆԹ-ն կարող է տարբեր աղբյուրներից լինել, օրինակ՝ արտաշնչած օդից, թքից, մորթուց կամ կղանքից:





























