Ամերիկացի գիտնականները, որոնք ներկայացնում են Բրիգամ Յանգ համալսարանը, Յուկատան թերակղզում մի վայր են հայտնաբերել, որտեղ մայա հնդկացիները կակաոյի սուրբ ծառեր են աճեցրել, հայտնում է Planet-today-ը՝ վկայակոչելով Phys.org-ը:
Հին մայաները կակաոյի ծառերը աստվածային եւ սուրբ էին համարում, դրանց պտուղները որպես աստվածների ընծաներ էին ընկալվում: Պտուղներն այնքան արժեքավոր էին, որ նույնիսկ որպես փող էին օգտագործվում։ Կակաոյի հատիկների մշակումը խստորեն կարգավորվում էր Հյուսիսային Յուկատանի մայաների ցեղերի առաջնորդների կողմից. սուրբ ծառերը թույլատրում էին մշակել բացառապես սուրբ պուրակներում:
Մինչ այժմ գիտնականները չեն կարողացել արժանահավատորեն որոշել նույնիսկ կակաոյի մեկ սուրբ պուրակի գտնվելու վայրը, սակայն այժմ, երբ նոր հետազոտության հեղինակները սկսել են աշխատանքը, իրավիճակը փոխվել է։ Վերլուծությունը ցույց է տվել, որ սուրբ ծառեր աճեցնելու համար լավ պայմաններ են պահպանվում Յուկատանում գոյություն ունեցող կարստային փոսերում:
Տասից ավելի այս խորշերից հողի վերլուծությունը ցույց է տվել, որ գրեթե բոլորը թեոբրոմինի եւ կոֆեինի հետքեր են պարունակում: Այդ բիոմարկերները ցույց են տալիս, որ անցյալում այստեղ կակաո են աճեցրել: Բացի այդ, գիտնականները կարստային փոսերում ծիսական ընծաների հետքեր են հայտնաբերել՝ կերամիկայից եւ նեֆրիտից իրեր, ինչպես նաեւ այլ արտեֆակտներ:





























