Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձագանքել է ՊՆ մամլո քարտուղարի հայտարարությանը, ըստ որի իրականությանը չի համապատասխանում Զինված ուժերի Վայքի Խաչիկ գյուղի 4-րդ գումարտակում զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանին ծեծի ու բռնությունների ենթարկելու տեղեկությունը:

Այս առնչությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է հետեւյալը.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը չի անդրադարձել Ռաֆիկ Հովհաննիսյանի առողջական խնդիրներին, որոնց հիման վրա 2008 թ-ին նրան մեկ անգամ տրվել է տարկետում,

չի պարզաբանվել Ռաֆիկ Հովհաննիսյանի 2011 թ. հունիսին զորակոչի ենթարկելու հիմնավորվածությունը:

Վերստին հայտնում ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2011 թ. հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ հուլիսի 18-ին լրատվամիջոցներին ուղարկված գրութունը կազմվել է Ռաֆիկ Հովհաննիսյանի հոր՝ Ռոբերտ Հովհաննիսյանի կողմից տրամադրած տեղեկատվության հիման վրա:

ՀՀ պաշտպանության նախարարության հերքման հաղորդագրության մեջ արձանագրվում է, որ իրապես տեղի է ունեցել միջադեպ. արգելվել է զինծառայողին օգտագործել բջջային հեռախոս: Միեւնույն ժամանակ գտնում ենք, որ Ռաֆիկ Հովհաննիսյանի առողջական լուրջ խնդիրների առկայությունը, ինչպես նաեւ նրա եւ նրա հարազատների անվտանգության եւ հնարավոր ճնշումներից զերծ մնալու երաշխիքների բացակայությունը հիմք չեն տալիս վստահելու խնդրի հրապարակայնացումից հետո թե’ զինծառայողից, թե’ նրա ծնողից վերցված պարզաբանումներին:

Ռաֆիկ Հովհաննիսյանի հայրը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, այսօր հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հուլիսի 16-ին դիմում է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազություն, իսկ պատճենը նաեւ ՀՀ պաշտպանության նախարարություն՝ Վայքի Խաչիկ գյուղի 4-րդ գումարտակում զինծառայողի նկատմամբ ծեծի, բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնել էին, որ իր որդու իրավունքների պաշտպանության համար կազմակերպության է դիմել Ռ. Հովհաննիսյանը եւ հայտնել, որ գումարտակի ինչ-որ սպա, որդու ձեռքին հեռախոս տեսնելով, վերցրել է այն եւ հրամայել որպես պատիժ փորի վրա կատարել վարժություն:

Տղան հրաժարվել է կատարել սպայի հրամանը, որից հետո ենթարկվել է ծեծի, բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է զինվորական դատախազություն՝ պահանջելով գործի առընչությամբ հարուցել քրեական գործ եւ հաղորդման վերաբերյալ կայացրած որոշումը տրամադրել կազմակերպությանը: