Իսրայելը արագացնում է լազերային որսիչների տեղակայումը` նման տեխնոլոգիայով իրեն շրջապատելու եւ օդային սպառնալիքների ոչնչացման հետ կապված բարձր ծախսերը նվազեցնելու ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է վարչապետ Նաֆթալի Բենեթը, հայտնում է Reuters-ը։
Գաղտնազերծելով այն սարքերը, որոնք լազերները կօգտագործեն մոտեցող անօդաչուներ կամ հրթիռներ որսալու համար, իսրայելական ռազմական ներկայացուցիչները անցյալ հունիսին կանխատեսել են, որ այդ համակարգերը պատրաստ կլինեն 2025 թվականին:
Բայց Բենեթը հայտարարել է կտրուկ կրճատված ժամկետների մասին: «Արդեն մեկ տարուց ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության ուժերը) նախ փորձարարական, ապա օպերատիվ կերպով կտեղակայի որսիչ լազերային համակարգը՝ սկզբում հարավում, այնուհետեւ այլ վայրերում»,- ասել է նա: «Եւ դա մեզ թույլ կտա տարիների ընթացքում շրջապատել Իսրայելը լազերային պատով, որը կպաշտպանի մեզ հրթիռներից, անօդաչու թռչող սարքերից եւ այլ սպառնալիքներից»,- հավելել է նա՝ ելույթ ունենալով Թել Ավիվի համալսարանի ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտում:
Լազերային համակարգը կլրացնի Իսրայելի հակաօդային պաշտպանության գոյություն ունեցող համակարգը, որը հիմնված է «Երկաթյա գմբեթի», «Դավթի սրի» եւ «Նետի» վրա՝ համակարգեր, որոնք արձակում են որսիչ հրթիռներ, դրանք տասնյակ հազարավոր դոլարներից մինչեւ միլիոնավոր դոլարներ արժեն:
«Հավասարումը շրջված կլինի. նրանք շատ կներդնեն, իսկ մենք՝ քիչ»,- ասել է Բենեթը:
«Եթե մենք կարողանանք մի քանի դոլար արժողությամբ էլեկտրական իմպուլսի օգնությամբ հրթիռ որսալ, մենք ըստ էության կչեզոքացնենք Իրանի ստեղծած կրակի օղակը… Հակաօդային պաշտպանության այս նոր սերունդը կարող է ծառայել նաեւ տարածաշրջանի մեր բարեկամներին, որոնք Իրանի եւ նրա կամակատարների կողմից նույնպես լուրջ սպառնալիքների են ենթարկվում։





























