Հարավային Կորեան զենքի մատակարարման մասին 1,6 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Եգիպտոսի հետ՝ մեկ շաբաթ անց այն բանից, երբ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հաստատել է մերձավորարեւելյան երկրին զենքի եւս մեկ զանգվածային վաճառքը, հայտնում է AP-ն:
Նախագահ Մուն Չժե Ինի գրասենյակը հայտարարել է, որ Եգիպտոսին K9 ինքնագնաց հաուբիցներ մատակարարելու գործարքը երկրի՝ զենքի արտահանման ամենամեծ պայմանագիրն է: Այն արտադրվում է Hanwha Defense ընկերության կողմից:
Եգիպտոսի պաշտպանության նախարար Մուհամմեդ Զաքին ժամանել է Հարավային Կորեա՝ մասնակցելու ստորագրման արարողությանը, ասվում է եգիպտական բանակի հայտարարության մեջ։ Եգիպտացի զինվորականները նաեւ հայտնել են, որ երկու երկրները ռազմական համագործակցության մեջ փոխըմբռնման մասին երկու հուշագիր են ստորագրել։
Անցյալ շաբաթ Պետդեպարտամենտը հայտարարել էր Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին: Այս գործարքը ներառել է 12 Super Hercules C-130 տրանսպորտային ինքնաթիռներ եւ 2,2 միլիարդ դոլար արժողությամբ հարակից սարքավորումներ, ինչպես նաեւ մոտ 355 միլիոն դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ համակարգեր:
Եգիպտոսը, որն աշխարհի առաջատար զենք ներկրողներից է, վերջին տարիներին արդիականացրել է զինված ուժերը՝ մեծ գործարքներ կնքելով արեւմտյան երկրների եւ Ռուսաստանի հետ։ Նա կառուցել է նոր ռազմակայաններ եւ ընդլայնել իր ռազմածովային ու օդային ուժերը, որպեսզի կարողանա պաշտպանել երկրի հսկայական անապատային եւ ծովային սահմանները, հատկապես Միջերկրական ծովի ջրերում գազի զգալի հանքավայրեր հայտնաբերելուց հետո:





























