Շվեյցարացի գիտնականները գտել են բանանից գրեթե ակնթարթորեն ջրածին ստանալու միջոցը։ Հետազոտողները կարողացել են միլիվայրկյանների ընթացքում հղոր լամպերի օգնությամբ ստանալ էկոլոգիապես մաքուր էներգիա մրգերի կճեպից, գրում է Euronews-ը։
Մասնագետները մեկ օրում չորացրել են բանանի կեղեւը Ցելսիուսի 100 աստիճանի տակ, հետո մանրացրել եւ աղացել այն՝ վերածելով մանր փոշու։ Ստացված փոշին տեղադրել են քսենոնային լամպերով, չժանգոտվող պողպատի ռեակտորում եւ ենթարկել ֆոտոլիզի. բարձր ջերմաստիճանների եւ լույսի ներքո փոշին բիոզանգվածից տրոհվել է ջրածնի, շմոլ գազի եւ ածխածնի։
Գիտնականների գնահատականներով՝ բանանի չորացրած կեղեւի յուրաքանչյուր մեկ կիլոգրամից կարելի է ստանալ մոտ հարյուր լիտր «կանաչ» ջրածին եւ 330 գրամ բիոածուխ։ Հետազոտողները հույս ունեն, որ այս տեխնոլոգիան նկատելիորեն կէժանացնի էկոլոգիապես մաքուր վառելիքի արտադրությունը եւ կօգնի ավելացնել Եվրոպայի կախվածությունը վերականգնվող էներգիայից։ Ի տարբերություն բիոզանգվածի տրոհման այլ միջոցների՝ շվեյցարացի մասնագետների մեթոդիկան թանկարժեք սարքավորումներ չի պահանջում բարձր ջերմաստիճաններ կամ ուժեղ ճնշում ապահովելու համար, ինչպես այրման կամ պիրոլիզի դեպքում է։
Գիտնականները հավաստիացնում են, որ բացի բանանի կեղեւից՝ ջրածնի արտադրման համար հարմար են նաեւ եգիպտացորենի կողրերը, սուրճի հատիկները եւ ընկույզի կեղեւը։ Հետագայում հետազոտողները նախատեսում են փորձարկել այս տեխնոլոգիան հին անվադողերի արդյունավետ օգտագործման համար, ինչպես նաեւ այն հարմարեցնել արդյունաբերական մասշտաբներով կիրառմանը։





























