Մինչեւ 2030 թվականի վերջը ՄՏԿ-ը կընկղմվի Խաղաղ օվկիանոսի հարավային մասի խորքերը՝ այն կետում, որը հայտնի է որպես «Նեմոյի կետ»: Այս մասին ՆԱՍԱ-ն հայտարարել է իր ՄՏԿ-ի Անցման ծրագրում, որտեղ մանրամասն նկարագրված է հայտնի տիեզերակայանի տասնամյակների աշխատանքը, ինչպես նաեւ բացատրվում է, թե ինչպես ՄՏԿ-ը կդադարեցնի գործունեությունը:

«Նեմոյի կետը» օվկիանոսի ցամաքից ամենահեռու կետն է, Նոր Զելանդիայի արեւելյան ափից մոտ 3000 մղոն եւ Անտարկտիդայից 2000 մղոն հյուսիս: 1971 թվականից ի վեր այնտեղ խորտակել են ավելի քան 263 կտոր տիեզերական աղբ, որն օգտագործվել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ճապոնիայի եւ եվրոպական պետությունների կողմից։

ՄՏԿ-ի մասերը սկսել են տիեզերք արձակվել դեռեւս 1998 թվականին, իսկ 2000 թվականին տիեզերակայանը պատրաստ է եղել ընդունել իր առաջին անձնակազմը: ՆԱՍԱ-ն հայտարարում է, որ ՄՏԿ-ը ունի հինգ սենյականոց տան ծավալ եւ կարող է տեղավորել վեց հոգուց բաղկացած անձնակազմ, ներառյալ այցելուներ:

ՄՏԿ-ը նաեւ իր ներդրումն է ունեցել Երկրի փոփոխվող կլիմայական միջավայրի մասին նոր տեղեկությունների ստացման, ինչպես նաեւ գիտնականների կողմից մութ նյութի ավելի խորը ըմբռնման մեջ:

Սակայն տիեզերակայանի ծառայության տեխնիկական ժամկետը սահմանափակ է: Ոչ միայն ՆԱՍԱ-ն է աջակցում ՄՏԿ-ին, այլեւ աշխարհի այլ տիեզերական գործակալություններ են իրենց ներդրումն ունենում:

«Այն ժամանակ, երբ այլ երկրներ ձգտում են ընդլայնել տիեզերքում աշխատելու իրենց հնարավորությունները, ՄՏԿ-ը մնում է միակ օրինակն այն բանի, թե ինչպես միջազգային թիմը կարող է տիեզերքում արդյունավետ եւ հաջող համագործակցել տասնամյակների ընթացքում»,- նշել են ՆԱՍԱ-ում:

ՆԱՍԱ-ն մտադիր է ՄՏԿ-ը առեւտրային տիեզերական գործընկերների ձեռքը հանձնել՝ աշխատելով մի շարք առեւտրային տիեզերական ընկերությունների հետ, որպեսզի համոզվի, որ նոր ՄՏԿ-ը հարմար է կառավարության եւ մասնավոր հատվածի հնարավոր կարիքների համար:

Axiom space-ը, Blue Origin-ը, Nanoracks-ը եւ Northrop Grumman-ը այն առեւտրային ընկերություններից են, որոնք աշխատում են ՆԱՍԱ-ի հետ՝ ՄՏԿ-ի սահուն անցումը ապահովելու համար: